«Ձեր տղան իմ ձեռքերի մեջ է մահացել․ մրսում էր, բուշլատով ծածկել եմ» (Տեսանյութ)
«Ձեր տղան իմ ձեռքերի մեջ է մահացել․ մրսում էր, բուշլատով ծածկել եմ» (Տեսանյութ)
Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 7-ին, ընթանում է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը:
Նիստերի դահլիճում են նաեւ 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների հարազատները։
«Ձեր տղան իմ ձեռքերի մեջ է մահացել։ Մրսում էր, բուշլատով ծածկել եմ»,- ծնողներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, գործով վկա Կարեն Աբրահամյանը։
«Որ ձեռքերիդ մեջ է մահացել, դե ասա՝ Նարեկիս վերջին խոսքերը որոնք են եղել։ Հիշու՞մ ես՝ ինչ արտահայություն է արել։ Ի՞նչ, արտահայտություն չի արե՞լ, արել է։ Ջուր է ուզել, ջուր չի եղել, կոմպոտ եք բերել, խմել է, այ էդ ժամանակ ի՞նչ է ասել, չես հիշու՞մ։
Կոմպոտը երբ խմել է, չի ասե՞լ՝ մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում։ Ասել է, ասել»,- ասաց ծնողը՝ դիմելով Աբրահամյանին։
Նշենք, որ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: