Ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տասը մարդ է զոհվել, որոնցից հինգը երեխաներ են։ Ավտոմեքենան Բարա Մանսա համայնքի գյուղական հատվածում դուրս է եկել ճանապարհից և հայտնվել լճում։ Զոհերի թվում, հնարավոր է, եղել է նաև նորածին աղջիկ, հայտնում է AFP-ն։
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ի՝ կիրակի օրվա վաղ առավոտյան։ Ջրասույզ եղած ավտոմեքենան նկատել է պատահական անցորդը, որը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է արտակարգ ծառայություններին։
Ռիո դե Ժանեյրո նահանգի կառավարության հայտարարության համաձայն՝ մեքենայից դուրս բերված բոլոր ուղևորներն արդեն մահացած են եղել։
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է հինգ մեծահասակ և հինգ երեխա։ Հրշեջները երկու ջրասուզակի օգնությամբ ջրից դուրս են բերել զոհերի մարմինները։ Նրանց ինքնությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Բրազիլական G1 պորտալը, հղում անելով զոհերից մեկի հարազատին, հայտնում է, որ ավտոմեքենայում գտնվող բոլոր մարդիկ նույն ընտանիքի անդամներ են եղել։ Միաժամանակ, տեղական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թվում եղել է նաև նորածին աղջիկ։ Սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չունի։
Իշխանությունները դեպքը նախնականորեն որակել են որպես դժբախտ պատահար։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Նշվում է, որ վթարին նախորդած օրը տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղացել։ Դրանց հետևանքով ջրածածկվել են բազմաթիվ փողոցներ, այդ թվում՝ Ռիո դե Ժանեյրոյի զբոսաշրջային գոտիներում, մասնավորապես՝ Կոպակաբանայում։ Այդուհանդերձ, իշխանությունները դեռևս չեն հստակեցրել՝ արդյոք եղանակային պայմանները որևէ ազդեցություն են ունեցել վթարի վրա։


