Օգտակար

Ինչպես ջնջել կամ ապաակտիվացնել Instagram հաշիվը

Instagram-ը Meta ընկերության սոցիալական ցանցերից է, և երբեմն օգտատերերը որոշում են ժամանակավորապես կասեցնել կամ ընդմիշտ ջնջել իրենց հաշիվը՝ գաղտնիության նկատառումներից, էկրանից հեռու մնալու ցանկությունից կամ պարզապես նոր սկիզբ ունենալու համար։

Կարևոր է իմանալ, որ Instagram-ն առաջարկում է երկու իրարից էապես տարբեր տարբերակ՝ ապաակտիվացում և ամբողջական ջնջում։ Ստորև ներկայացնում ենք երկուսի քայլ առ քայլ հրահանգները, ինչպես նաև այն, ինչ պետք է իմանալ նախքան որոշում կայացնելը։

Ապաակտիվացման և ջնջման տարբերությունը

Ապաակտիվացումը ժամանակավոր լուծում է. հաշիվը, նկարները, տեսանյութերը, հավանումներն ու մեկնաբանությունները անհետանում են այլ օգտատերերի համար, սակայն ոչինչ չի ջնջվում։ Բավական է կրկին մուտք գործել օգտանունով և գաղտնաբառով, որպեսզի հաշիվը ամբողջությամբ վերականգնվի՝ նախկին տեսքով և պարունակությամբ։

Ամբողջական ջնջումը, ընդհակառակը, մշտական քայլ է։ Հայտ ներկայացնելուց հետո հաշիվն անմիջապես թաքցվում է, սակայն տրվում է 30-օրյա ժամկետ՝ որոշումը հետ վերցնելու համար. պարզապես կրկին մուտք գործելով նույն 30 օրվա ընթացքում՝ ջնջումը կասեցվում է։

Այդ ժամկետից հետո տվյալները՝ նկարներ, տեսանյութեր, հաղորդագրություններ և հետևորդների ցանկը, ընդմիշտ ջնջվում են և այլևս չեն կարող վերականգնվել։

Ինչ պետք է իմանալ նախքան հաշիվը ջնջելը

Նախքան ջնջման հայտ ներկայացնելը, նպատակահարմար է հաշվի առնել հետևյալը՝

  • անհրաժեշտ կլինի հաշվի գաղտնաբառը. եթե այն մոռացել եք, նախապես վերականգնեք,
  • խորհուրդ է տրվում նախապես ներբեռնել ձեր տվյալների արխիվը (լուսանկարներ, տեսանյութեր, հաղորդագրություններ)՝ Հաշիվների կենտրոն բաժնից,
  • Instagram-ի ջնջումն ինքնին չի ազդում առանձին Facebook կամ WhatsApp հաշիվների վրա, քանի որ դրանք մնում են ինքնուրույն, եթե հատուկ կապված չեն Հաշիվների կենտրոնից,
  • բիզնես կամ creator հաշիվների դեպքում նպատակահարմար է նախապես ստուգել՝ արդյոք հաշիվը կապված է Facebook էջի հետ, և անհրաժեշտության դեպքում անջատել այդ կապը,
  • եթե պարզապես ցանկանում եք ժամանակավոր դադար վերցնել սոցցանցից, ապաակտիվացումն ավելի անվտանգ և հետադարձելի տարբերակ է, քան ամբողջական ջնջումը։

Ինչպես ժամանակավորապես ապաակտիվացնել Instagram հաշիվը

Ապաակտիվացումն արվում է Հաշիվների կենտրոն (Accounts Center) բաժնից՝ ինչպես հեռախոսի հավելվածից, այնպես էլ բրաուզերից։

  1. Բացեք ձեր պրոֆիլը և հպեք վերևի աջ անկյունում գտնվող ընտրացանկին (☰)։
  2. Ընտրեք «Կարգավորումներ և գաղտնիություն» (Settings and privacy)։
  3. Անցեք «Հաշիվների կենտրոն» բաժին և ապա՝ «Անձնական տվյալներ»։
  4. Հպեք «Հաշվի սեփականություն և վերահսկողություն» → «Ապաակտիվացում կամ ջնջում»։
  5. Ընտրեք ձեր հաշիվը և սեղմեք «Ապաակտիվացնել հաշիվը»։
  6. Բացվող ցանկից նշեք ապաակտիվացման պատճառը։
  7. Կրկին մուտքագրեք գաղտնաբառը և հաստատեք գործողությունը։

Հաշիվն անմիջապես թաքցվում է մյուս օգտատերերից։ Վերականգնելու համար բավական է կրկին մուտք գործել օգտանունով և գաղտնաբառով. հետևորդները, հրապարակումներն ու կարգավորումները կմնան անփոփոխ։

Ինչպես ամբողջությամբ ջնջել Instagram հաշիվը

Եթե որոշել եք վերջնականապես հրաժարվել հաշվից, առաջին քայլերը նույնն են, ինչ ապաակտիվացման դեպքում, սակայն վերջում պետք է ընտրել ջնջման տարբերակը։

  1. Մուտք գործեք Instagram և բացեք «Կարգավորումներ և գաղտնիություն»։
  2. Ընտրեք «Հաշիվների կենտրոն» → «Անձնական տվյալներ»։
  3. Հպեք «Հաշվի սեփականություն և վերահսկողություն» → «Ապաակտիվացում կամ ջնջում»։
  4. Ընտրեք ձեր հաշիվը և սեղմեք «Ջնջել հաշիվը», ոչ թե ապաակտիվացումը։
  5. Բացվող ցանկից նշեք ջնջման պատճառը։
  6. Կրկին մուտքագրեք գաղտնաբառը՝ գործողությունը հաստատելու համար։
  7. Սեղմեք «Ջնջել հաշիվը» կոճակը՝ վերջնական հաստատման համար։

Հաշիվը կթաքցվի անմիջապես, սակայն վերջնականապես կջնջվի միայն 30 օր հետո։ Այդ ընթացքում դեռ կարող եք փոխել ձեր որոշումը։

Ինչպես չեղարկել ջնջումը կամ վերականգնել հաշիվը

Եթե փոխել եք որոշումը 30-օրյա ժամկետի ընթացքում, բավական է կրկին մուտք գործել՝ օգտագործելով նույն օգտանունն ու գաղտնաբառը։ Համակարգն ավտոմատ կերպով կչեղարկի ջնջման գործընթացը, և հաշիվը կվերականգնվի իր նախկին վիճակում։

Ժամկետը լրանալուց հետո վերականգնումն այլևս հնարավոր չէ, և տվյալները վերջնականապես ջնջված են։

Եթե կառավարում եք նաև Facebook էջ և ցանկանում եք այն ևս ջնջել կամ ապաակտիվացնել, մանրամասն քայլերին կարող եք ծանոթանալ մեր Ինչպես ջնջել Facebook էջը կամ պրոֆիլը հոդվածում։

Հաճախ տրվող հարցեր

Կարո՞ղ եմ ջնջել Instagram հաշիվը հեռախոսի հավելվածից

Այո, ներկայումս և° ապաակտիվացումը, և° ամբողջական ջնջումը հասանելի են ուղղակիորեն հավելվածից՝ Հաշիվների կենտրոն բաժնի միջոցով, առանց բրաուզերի կարիքի։

Ի՞նչ է պատահում իմ Facebook կամ WhatsApp հաշվին, եթե ջնջեմ Instagram-ը

Ոչինչ. Facebook-ը և WhatsApp-ը առանձին հաշիվներ են և չեն ջնջվում Instagram-ի հետ, քանի դեռ դրանք հատուկ կերպով կապված չեք պահել Հաշիվների կենտրոնից։

Քանի՞ օր հետո է հաշիվն ընդմիշտ ջնջվում

Ջնջման հայտից 30 օր հետո, եթե այդ ընթացքում հաշիվ մուտք չեք գործել, տվյալները վերջնականապես ու անդառնալիորեն ջնջվում են Instagram-ի սերվերներից։

Կարո՞ղ եմ նույն օգտանունով նորից գրանցվել ջնջումից հետո

Ընդմիշտ ջնջումից հետո օգտանունն ազատվում է, և տեսականորեն կարող եք այն կրկին օգտագործել նոր հաշիվ ստեղծելիս, սակայն դա երաշխավորված չէ, քանի որ ազատված անուններն երբեմն զբաղեցվում են այլ օգտատերերի կողմից։

Կիսվեք ձեր էջում