Էրիկի սպանության կասկածյալը նախկինում դատապարտված է եղել․ հոգեկան խնդիրներն առաջացել են պատերազմից հետո
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած և սպանած անձը Երևանի բնակիչ Վալերի Հակոբյանն է։ Նա հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։
Մեր տեղեկություններով՝ նրա մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն առաջացել են 2020 թվականի պատերազմից հետո։
«Իշխանությանը» հայտնի դարձավ, որ Հակոբյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել՝ առաջին անգամ՝ գողության, երկրորդ անգամ՝ քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաներ պահելու համար։
Գողության գործով Հակոբյանն ընդունել է իր մեղքը եւ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել այս հանգամանքն ու մասնակցությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Նրան նշանակվել է 1 ամիս 7 օր ազատազրկում, սակայն կալանքի տակ անցկացրած ժամանակը հաշվակցվել է պատժին, և նա ազատվել է պատժի հետագա կրումից։
Հատկանշական է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, Հակոբյանի մոտ հայտնաբերվել են երկու ածելու սայր։ Դրանք հայտնաբերվել են նրա բերանից և ձախ ձեռքից՝ ամբողջական խուզարկության ժամանակ։ Այս դեպքով առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում 2026 թվականի հունվարին նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Դատական նյութերում առկա փորձագիտական եզրակացությամբ նա բնութագրվել է որպես «քրեադատավարական անգործունակ անձ»։
Արգելված առարկաներ պահելու համար, դատարանը Հակոբյանին մեղավոր է ճանաչել և նշանակել 3 ամիս ազատազրկում։ Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան։ Այս գործով ևս դատարանը հաշվի է առել նրա մասնակցությունը 44-օրյա պատերազմին։
Փաստորեն, եթե Վալերի Հակոբյանը ժամանակին գտնվեր համապատասխան վերահսկողության տակ և ստանար անհրաժեշտ բուժումը, գուցե այսօր 29-ամյա Էրիկ Կակոյանը ողջ լիներ։ Սա է համակարգային խնդիր ասվածը, երբ պետական իրավասու մարմիններն իրենց տեղում չեն, առկա խնդիրներին ժամանակին չեն արձագանքում, դրա գինը վճարում են անմեղ մարդիկ։
Հիմա պետք է պարզվի՝ ո՞ր մարմինն էր պատասխանատու Հակոբյանի բուժման և վերահսկողության համար, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նրա առողջական վիճակի վերաբերյալ արձանագրված խնդիրներից հետո, և ինչո՞ւ հնարավոր ռիսկերը ժամանակին չեն գնահատվել։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ի սահմաններում։ Դանակահարությունը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայից դեպի Ռաֆայել Լեմկինի փողոց տանող հատվածում։ Կտրող-ծակող առարկայով ստացած վնասվածքներով երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ նոյեմբերի 8-ին նա մահացել է։
Հայտնի է, որ Էրիկ Կակոյանը վերջերս էր նշանվել։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նախատեսված է նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն եկեղեցուց։


