Մամուլ

Նիկոլը ասելու է` Արցախը տանք, որ Հայաստանը պահենք, հետո կասեն Սյունիքը տանք, որ Վայոց Ձորը պահենք. Սաղաթելյան

Նիկոլը ասելու է` Արցախը տանք, որ Հայաստանը պահենք, հետո կասեն Սյունիքը տանք, որ Վայոց Ձորը պահենք. Սաղաթելյան

Եթե  դու պատրաստ չես պաշտպանել քո հայրենիքը ու ամեն ինչ անում ես ժողովրդին ու բանակը բարոյալքելու համար, ուրեմն պետք է պատրաստ լինես թշնամուն դիմավորես Երեւանում: Այս  մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Օրվա իշխանության վարած քաղաքականության հետեւանքով թուրքը Ջերմուկում է, ինչը չէինք կարող պատկերացնել նույնիսկ մի քանի ամիս առաջ:

Այս վտանգը պետք է հասցնենք ժողովրդին ու ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, եթե այս օրհասական վիճակում մենք չկարողանանք դա անել, մենք կորցնելու ենք մեր պետականությունը, սա չափազանցություն չէ:

Ու Նիկոլը խաղաղության օրակարգով փորձելու է բթացնել հասարակությանը, ասելու է` ճար չկա, հնարավորություն չկա, Արցախը տանք, որ Հայաստանը պահենք, հետո կասեն Սյունիքը տանք, որ Վայոց Ձորը պահենք, Վարդենիսը տանք, որ Կոտայքը պահենք, մինչեւ Երեւան: Սա է իրականությունը:

Ես վստահ չեմ, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է, թե ինչ է կատարվում ու ոտքի չի ելնում»,- ասաց նա: 

Սաղաթելյանի խոսքով` այս պահին հասարակության մեջ կա լուրջ բանաձեւ` Արեւմուտք, թ Ռուսաստան, սակայն չկա բանավեճ, թե մենք ինքներս ոնց ենք մեզ պաշտպանելու, ու դրանից հետո հասկանանք, թե անվտանգության շահերը որ երկրի հետ են համընկնում եւ ըստ դրա հարաբերություններ կառուցենք:

«Եթե մենք չենք պաշտպանում մեր հայրենիքը, որեւէ  մեկը մեր փոխարեն դա չի անելու: Չկա աշխարհում նման պետություն, որի իշխանությունը պատրաստ չէ կազմակերպել իր երկրի պաշտպանությունը, բայց ինչ-որ մեկը դա պետք է իր փոխարեն անի:

Նիկոլն իր քաղաքականությամբ բերել, հասցրել է մի իրավիճակի, երբ որ ասում են ընդդիմադիրներին կտանենք բանակ, զորահավաքի ու դրանով սպառնում են, բանակում ծառայելը, հայրենիքը պաշտպանելը դարձրել են պատիժ: Քո զինվորը չի կարող լիարժեք պահպանի սահմանները, երբ որ գիտի` իր թիկունքում դավաճաններ են»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը առաջիկայում հայտարարելու է, որ Ռուսաստանը, Իրանը, Արեւմուտքը չեն օգնում, պետք է Արցախը հանձնեն, որ Հայաստանը  պահեն. «Մենք պետք է հենց սա կանխենք, եւ ռեսուրս կա, եւ դաշնակիցներ կան եւ բոլոր հնարավորությունները»:

Կիսվել նյութով