Մամուլ

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է երկու քահանաների վերադարձը ՌԴ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ–ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար։

Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Լրագրողը նշել է նաև, որ քահանաները Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` քահանաներից մեկին չեն թողել մեկնել երկրից` տանելով վարժական հավաքների։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանը ԱԺ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Հաջորդ առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի:

Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:

Կիսվեք ձեր էջում