Սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին կանչել են Քննչական կոմիտե․ մանրամասներ
ArmLur.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, սպանված Վալոդյա Գրիգորյանի հորը՝ Լյովա Գրիգորյանին՝ որդու սպանության գործի շրջանակում։ Թեև դեպքից անցել է արդեն 14 օր, իրավապահ մարմինները միայն այժմ են ձեռնարկել տուժողի հարցաքննությունը։
Դատելով Վալոդյա Գրիգորյանի մոր՝ Մարինե Գրիգորյանի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցից, տուժող կողմը համոզված չէ, որ սպանությունը լիարժեքորեն բացահայտված է։ Ըստ նրանց՝ գործը դեռևս բազմաթիվ անպատասխան հարցեր ունի․ նրանք պնդում են, որ իրավապահ մարմինները մինչ այժմ չեն կարողացել բացահայտել կազմակերպիչներին և հնարավոր պատվիրատուներին, որոնք, ըստ տուժողների, անմիջական կապ ունեն հանցագործության հետ։
Չնայած նախաքննության ընթացքում որոշակի քայլերի ձեռնարկմանը, սպանության ենթադրյալ կատարողի և օժանդակողի կալանավորմանը, տուժող կողմը շարունակում է պնդել, որ քննությունը պետք է լինի առավել համապարփակ և նպատակային՝ ուղղված ոչ միայն անմիջական կատարողների, այլև սպանության հնարավոր կազմակերպիչների և պատվիրատուների բացահայտմանը։
ArmLur.am-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում․