Մամուլ

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 տուժած

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում Երևան – Գյումրի Մ1 ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամա Վազգեն Ղ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 24-ամյա Վոլոդյա Վ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։