Լոռիում հարսանեկան շարասյան ճանապարհը պարանով փակած 12-ամյա երեխան դանակահարվել է
Լոռիում հարսանեկան շարասյան դիմաց ճանապարհը պարանով փակած երեխաներից մեկը դանակահարվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ կեսօրին։
Ալավերդի քաղաքի Սանահին- Սարահարթ թաղամասում գտնվող «Էլլադա» ռեստորանային համալիրի հարևանությամբ երեխաները պարաններով փակել են հարսանեկան ավտոմեքենաների շարասյան ճանապարհը՝ ավանդույթի համաձայն գումար պահանջելով։ Այնուհետև ստացած գումարը իրար միջև բաժանելու հարցի շուրջ երեխաները վիճաբանել են։ Վեճի ժամանակ Ալավերդիի բնակիչ 13-ամյա Ռ․ Մ․-ն թիկունքից դանակով հարվածել է 12-ամյա Ա․ Հ․-ի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև 13-ամյա տղան հանցագործության գործիք դանակը նետել է հարևանությամբ գտնվող աղբարկղի ուղղությամբ։
12-ամյա երեխան տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն «աջ թիկունքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։