Մամուլ

Բաքուն մտավ ՀԱՊԿ․ Աստանայում «օրինականացվեց» Հայաստանի օկուպացիան

Բաքուն մտավ ՀԱՊԿ․ Աստանայում «օրինականացվեց» Հայաստանի օկուպացիան

Lragir.am-ը գրում է. Աստանայում կայացած ԱՊՀ ժողովում որոշում է ստորագրվել ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին։ Դա նշանակում է, որ Բաքուն եւս դառնում է դիտորդ։

ՀԱՊԿ անդամ երկրները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած հավաքին շնորհավորեցին Բաքվին «պատմական հաղթանակի» համար։ Միաժամանակ, ՀԱՊԿ-ը բազմիցս մերժել է թե ռազմական գործողությունների ժամանակ, թե նոյեմբերի 9-ից հետո Բաքվի ներխուժումների կապակցությամբ Հայաստանի դիմումները, արժանանալով նախատինքների։

Նույնը՝ Ռուսաստանի պարագային։Հիմա, Բաքվի դիտորդի կարգավիճակը հանում է այս «խոչընդոտը»։ Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ը արձագանքեց Հայաստանի դիմումին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երկու անգամ այցելեց Հայաստան, ըստ Լավրովի՝ պայմանավորվածություն կա դիտորդներ ուղարկել։

Մինչ Երեւանում սեպտեմբեր 13-14-ից հետո քննարկում էին ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու թեման, այդ կազմակերպության էմիսարները Հայաստանում զբաղված էին ապագա հնարավոր տեղակայումների վայրերի եւ հայկական ուժերի դիրքավորման եւ սպառազինության հետախուզությամբ, լիովին օրինական հիմքով։

pashinyan putin aliev

Ռուսաստանի համար ՀԱՊԿ-ը Հայաստանի դեմ իր ծրագրերն իրագործելու հարմար ցուցանակ է։ Հատկապես Հարավային Կովկասում ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ Արեւմուտքի փորձերից հետո։

ՌԴ-ն միջազգային կառույցներին հակադրում է իր «միջազգային» կառույցը, որին անդամակցում է Հայաստանը եւ որին դիմել է Հայաստանը։

Դա երեւաց ՄԱԿ ԱԽ-ում, երբ սեպտեմբերի ագրեսիայի կապակցությամբ Ֆրանսիայի բարձրացրած հարցի քննարկումը ՌԴ-ն տապալեց պարզ փաստարկով՝ բախումները տեղի են ունենում «վիճելի տարածքների» վրա, բացի այդ ենթակա են լուծման Հայաստանի անդամակցած ՀԱՊԿ «միջազգային» կազմակերպության մասնակցությամբ:

Հայաստանը ինքն է դիմել ՀԱՊԿ, թույլ տվեք ավարտին հասցնել մեր խաղաղարար ջանքերը: Տարածքային վեճը լուծվելու է սահմանազատման միջոցով, Ռուսաստանի հովանու ներքո՝ ահա ՌԴ փաստարկները:

ՌԴ-ն Բերձորի միջանցքը հանձնելուց հետո Հայաստանի դեմ հայտնվել է դեմ առ դեմ, եւ այլեւս անհնար է թաքնվել թուրքերի հետեւում։ ՀԱՊԿ ցուցանակը լավ քողարկում է։ Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ ցուցանակը Մոսկվային պետք է շփման գծում եվրոպական հնարավոր դիտորդական առաքելությունը կանխելու կամ «հավասարակշռելու» համար։

Սեպտեմբերի 30-ին ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարների հավաքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ դիտորդների ներգրավումը հնարավորություն կտա, «որպեսզի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար»։

Այն, որ սահմանազատումը տեղի է ունենալու Մոսկվա-Բաքու համաձայնեցումներով, եւ ոչ թե 29,8-ի փաշինյանական երազանքով, հասկանալի էր վաղուց, եւ դա հաստատել էր նաեւ Պուտինը՝ «անկլավները տեղ-տեղ կտրելու, տեղ-տեղ ուղղելու» իր հայտնի հայտարարությամբ։ Բաքվի՝ սահմաններ չկան հայտարարությունը եւ տարածքային պահանջները բխում են այդ համաձայնություններից։

Կիսվել