Աշխարհ

Ռուսաստանն անհապաղ կերպով խաղաղապահներ պետք է ուղարկի Լաչինի միջանցք. Լեպյոխին

Ռուսաստանն անհապաղ կերպով խաղաղապահներ պետք է ուղարկի Լաչինի միջանցք. Լեպյոխին

«Հարավային Կովկասում իրավիճակը վերջին օրերին զարգանում է Ռուսաստանի համար ծայրաստիճան անցանկալի սցենարով։ Ռուսաստանը կորցնում է ազդեցությունն այս ռազմավարապես կարևոր Եվրասիա տարածաշրջանում, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հետսովետական տարածքում ևս մեկ արնահոսող վերքի առաջացման»,- այս մասին գրում է 168․am-ը՝ հղում անելով ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը՝ որի կայքում հրապարակված հոդվածում գրել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը։

Հեղինակը Ղարաբաղի ուղղությամբ ներկայիս հարձակման ամենասկզբից ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ այնքան հանգամանորեն նախապատրաստված զինված հակամարտության կողմեր են, որքան դրա գործիքներն ու զոհերը, և, որ դրա հիմնական կազմակերպիչներն ու  նոր ավանտյուրայի գործող դեմքերը Թուրքիան են ու բրիտանական հատուկ ծառայությունները, իսկ այն ուղղված է՝ տարածաշրջանը դիրքավորելու Ռուսաստանի Դաշնության և մասամբ Իրանի դեմ, ուստի Ռուսաստանի գործողություններն այս տարածաշրջանում ակնհայտորեն պետք է թելադրված լինեն սեփական ռազմավարական շահերով և ոչ բացարձակապես՝ ցանկությամբ լուծել, նրա որակմամբ,  տարածքային վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Լեպյոխին

Նրա որակմամբ, ինչպես նախկինում, այս անգամ ևս Ռուսաստանը գնաց ոչ այնքան ճիշտ ճանապարհով, հաշվի չառնելով, որ կողմերը ոչ թե սուբյեկտներ են, այլ գործիքներ։ Լեպյոխինը նշում է, որ  հենց սկզբից էլ պարզ էր, որ Ադրբեջանը չի գնա ոչ մի իրական բանակցության, քանի դեռ չի ամրագրել սեփական ռազմական, հետևաբար՝ քաղաքական առավելությունը էական տարածքային ձեռքբերումներով։

Սակայն, ըստ նրա, փոխարենը համարժեք արձագանքելու Թուրքիայի և նրա Լոնդոնի ու ՆԱՏՕ-ի համակարգողների հարուցած նոր մարտահրավերին՝ ՌԴ էլիտան միացրել է հայտնի հռետորաբանությունը, որ «մեր երկրին ցանկանում են ներքաշել Թուրքիայի հետ պատերազմի մեջ, իսկ մենք չպետք է տրվենք այդ սադրանքին»։ «Պետք է իրերն իրենց անուններով կոչել՝ փաստացիորեն Թուրքիան սկսել է պատերազմ Ռուսաստանի դեմ՝ մեզ համար ռազմավարական տարածաշրջանում։

Սկսել է Ադրբեջանի և արաբ ահաբեկիչների ձեռքերով, իսկ Ռուսաստանում ձևացնում են, թե դա չեն հասկանում»,- գրում է Լեպյոխինը, շարունակելով, որ Ռուսաստանը պետք է վերոնշյալ տարածաշրջանում պաշտպանի ոչ թե Փաշինյանին և ՀՀ իշխանություններին և նույնիսկ իր  դաշնակցին, այլ առաջին հերթին՝ սեփական շահերը։

Նրա որակմամբ՝ խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը պետք է կանգնի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կողքին, այլ այն է, որպեսզի գիտակցի, թե որտեղից է ՌԴ-ի համար գալիս իրական սպառնալիքը, և այդ սպառնալիքը Թուրքիան է, որը, իր հերթին, դարձել է գլոբալիստների ռուսատյաց քաղաքականության գործիքը։ «Հենց այդ պատճառով, երբ ՌԴ-ն ստացավ հավաստի տեղեկատվություն ղարաբաղյան իրադարձություններում Սիրիայից վարձկանների մասնակցության մասին, Ռուսաստանը պարտավոր էր օգտագործել տվյալ փաստը տարածաշրջանում սեփական քայլերի ակտիվացման համար և  առաջ մղել սեփական զինվորականներին, բնականաբար, խաղաղապահ առաքելությամբ Գյումրիի 102-րդ ռազմաբազայից դեպի Իրանի սահման՝ Ջաբրայիլի շրջան»,- գրում է ռուս քաղաքագետը։

խաղաղապահ զորքեր

Սակայն, նրա որակմամբ, Ռուսաստանը չարեց դա և ներկայումս գրավելով Ջաբրաիլի շրջանը՝ ադրբեջանական զորքերը մոտեցել են Հայաստանի սահմանին՝ հայտնվելով Նախիջևանից միայն 100 կմ հեռավորության վրա, և որպես հետևանք առաջացել է սպառնալիք Լաչինի միջանցքի համար (լիարժեք բլոկադայում կարող է հայտնվել Ղարաբաղը)։

Վլադիմիր Լեպյոխինի կարծիքով, տուժում է նաև ՌԴ հեղինակությունը, քանի որ ՌԴ-ն հայտնվում է մի երկրի իրավիճակում, որը տարածաշրջանի համար պատերազմում պարտվող կողմն է, և դա իր հերթին՝ Ռուսաստանի ներսում ապակայունացման կարևոր գործոն է։

«Հայաստանի սահմանների մոտ Ռուսաստանի համար բացասական ռազմական հակամարտության ընդլայնումից խուսափելու համար  Ռուսատսանը պետք է անհապաղ կերպով իր «300 սպարտացիներին» ուղարկի Լաչինի միջանցք։

Ժամանակը մեծապես կորսված է, բայց դեռ ամեն ինչ չէ կորսված։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ որքան ուշ Ռուսաստանը կիրառի ռազմական ուժ Ղարաբաղում, այնքան վատ իր համար։ Այսօր հարձակվող կողմը հետաքրքրված չէ բանակցություններում։ Իսկ Լաչինի միջանցքի գրավումից հետո այդ կողմը բացարձակ չի վարի բանակցություն Հայաստանի և Ղաբարաղի հետ։ Նա կթելադրի հայերին ու Ռուսաստանին սեփական պայմանները»,- իր հոդվածում նշում է Վլադիմիր Լեպյոխինը։

Կիսվել նյութով