«Տանը մենակ 2» ֆիլմից հայտնի դերասանը կյանքից հեռացել է
Իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը մահացել է 81 տարեկանում, հայտնում է BBC-ն։
Նրա մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում։
Դերասանուհու գործակալ Ֆիլ Բելֆիլդը խոսել է նրա մահվան մասին՝ կիսվելով Ֆրիքերի հետ կապված իր հիշողություններով։ «Մենք այլևս երբեք նրա նման մեկին չենք տեսնի, և աշխարհն ավելի աղքատ է առանց նրա։ Պատիվ էր նրան ճանաչելը, սիրելը և նրա հետ աշխատելը։
Նա հավերժ կմնա իմ սրտում և աշխարհի բազմաթիվ կինոյի ու հեռուստատեսության երկրպագուների հիշողության մեջ», — ասել է դերասանուհու ներկայացուցիչը։
Բրենդա Ֆրիքերը լայն ճանաչում է ստացել «Իմ ձախ ոտքը» (1989) դրամատիկական ֆիլմում ունեցած դերի շնորհիվ։ 1990 թվականին նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ Դանիել Դեյ-Լյուիսի մարմնավորած հերոսի մոր կերպարը կերտելու համար։
Դերասանուհին հայտնի է դարձել նաև մի շարք այլ հիշարժան դերերով։
Ընտանեկան կատակերգությունների սիրահարները նրան հատկապես հիշում են «Տանը մենակ 2․ Նյու Յորքում կորածը» (1992) ֆիլմում «Աղավնիների տիկնոջ» կերպարով։
Ֆրիքերը մինչև 1988 թվականը ամուսնացած է եղել դերասան Բարի Դևիսի հետ։ Այդ ժամանակահատվածում նա վեց անգամ հղիացել է, սակայն բոլոր հղիություններն ավարտվել են վիժումով։ Կյանքի վերջին տարիներին դերասանուհին ապրել է Բրիստոլում՝ իր զուգընկեր Ջոյի հետ։



