Աշխարհ

Բացահայտվել է գաղտնի պլանը՝ Էդինբուրգում թագուհու մահվան դեպքում

Բացահայտվել է գաղտնի պլանը՝ Էդինբուրգում թագուհու մահվան դեպքում

Shantnews.am-ը գրում է․ Բրիտանիայում ծրագիր է մշակվել այն դեպքի համար, եթե թագուհի Եղիսաբեթ II-ը մահանա Շոտլանդիայում, հայտնում է The Guardian-ը։

Այսպես կոչված՝ «Միաեղջյուր օպերացիայի» մասին տեղեկությունը բացահայտվել է դեռ 2019 թ.-ին։ Գաղտնի փաստաթղթերը տեղադրվել են ֆորումում, որտեղ շփվում են Էդինբուրգի թագավորական նստավայրի՝ Հոլիրուդ պալատի աշխատակիցները։

Ծրագրի համաձայն՝ Շոտլանդիայում թագուհու մահվան դեպքում Շոտլանդիայի խորհրդարանի աշխատանքը անմիջապես կդադարեցվի։ Սպասվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ կժամանեն Բալմորալ և Էդինբուրգ՝ հրաժեշտ տալու Եղիսաբեթ II-ին:

Նրանց խորհուրդ է տրվում հավաքվել Շոտլանդիայի խորհրդարանի, Հոլիրուդ պալատի և Էդինբուրգի տաճարի մոտ։ Անվտանգությունն ապահովելու համար զգալի ոստիկանական ուժեր կտեղակայվեն։

Եղիսաբեթ 2-րդ թագուհին

Եղիսաբեթ II-ի դին գնացքով կտեղափոխեն Էդինբուրգ։ Դագաղը կտեղափոխվի հանրահայտ Թագավորական Մղոնով՝ Էդինբուրգի ամրոցից դեպի Հոլիրուդ պալատ տանող մի շարք փողոցներով:

Էդինբուրգի տաճարում պատարագից հետո շոտլանդացի հասարակական գործիչները կկարողանան հրաժեշտ տալ թագուհուն և ստորագրել ցավակցական գրքում։ Դրանից հետո թագուհու մարմինը թագավորական գնացքով կուղևորվի Լոնդոն։ Ընդ որում, երթուղու երկայնքով յուրաքանչյուր հարթակում կտեղակայվի պատվո պահակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 96 տարեկանում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ 70 տարվա գահակալությունից հետո։ Թագուհին Բրիտանիայի գահին էր բազմել 1952 թվականին։

Կիսվել նյութով