Մամուլ

Մահացել է Սեդա Չիլինգարյանը

Երևանի պետական բժշկական համալսարանը հայտնում է, որ կյանքից հեռացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բժշկական մանրէաբանության ամբիոնի երկարամյա աշխատակից, բժշկական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս Սեդա Ցոլակի Չիլինգարյանը։

«Ամբիոնի գործընկերներն ու կրտսեր կոլեգաները նրան հիշում են որպես բարձրակարգ մասնագետի, նվիրված մանկավարժի և մարդկային լավագույն հատկանիշներով օժտված բարի, նուրբ անձնավորության։ Նրա մասին խոսելիս ընդգծում են մասնագիտական պատասխանատվությունը, աշխատանքին անմնացորդ նվիրվածությունն ու ուսանողների հանդեպ սերն ու հոգատարությունը։

Սեդա Չիլինգարյանն ամբիոնում աշխատել է մինչև 80 տարեկանը՝ տարիներ շարունակ գիտելիքն ու փորձը փոխանցելով ապագա բժիշկներին, դասավանդելով մեծ ավյունով, սիրով ու նվիրումով։

Նա Երևանի պետական բժշկական ինստիտուտի 1960 թվականի շրջանավարտ էր։ Երկար տարիներ իր գործունեությունը կապել է հարազատ բժշկական մայր բուհի հետ, իսկ 1990-ականներից աշխատանքն առավելապես կենտրոնացրել է մանրէաբանության բնագավառում։

Սեդա Չիլինգարյանը 92 տարեկան էր։

Նրա վաստակն ու լուսավոր հիշատակը երկար կմնան գործընկերների, սաների և նրան ճանաչողների սրտերում։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ից 20:00-ն Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան»։

Կիսվեք ձեր էջում