Շոու-բիզնես

«Աստված ամեն ինչ տեսել է». Միլենա Պետրոսյանը խախտել է լռությունն ու բացահայտել ամուսնալուծության մանրամասները

Թաթուլ Պետրոսյանի կինը Միլենա Պետրոսյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Նախևառաջ կցանկանայի բոլորին պարզաբանել իրավիճակը։ Ես և ամուսինս բաժանվել ենք հուլիսին։ Մեր հարաբերություններին վերջակետ եմ դրել ես՝ անկեղծորեն հայտնելով նրան, որ այլևս զգացմունքներ չունեմ, և որ մտադիր եմ ամուսնալուծվել։ Այո՛, դուք մեզ մեկ անգամ չէ, որ միասին եք տեսել, բայց մոռանում եք, որ մենք ունենք ընդհանուր երեխաներ, որոնց դաստիարակել ենք միասին։

Ամուսնալուծությունը պետք է տեղի ունենար դեռևս 2025 թվականի նոյեմբերին, սակայն մենք փորձեցինք պահպանել ընտանիքը։ Հետագա ամիսներին կրկին ու կրկին հանգում էինք նույն իրավիճակին, և մեր հարաբերությունները միայն ավելի էին վատթարանում։ Բաժանումը մեկ օրվա որոշում չէր։ Ամուսնուս ընտանիքը տեղյակ էր մեր իրավիճակից։ Ամուսինս լուրջ չէր ընդունում իմ խոսքերը, չէր ցանկանում ինձ բաց թողնել, կային սարսափելի մանիպուլյացիաներ։ Տեղի էին ունենում որոշակի հանգամանքներ, որոնց պատճառով ես չէի կարողանում հեռանալ նրանից։ Այդ պատճառով էլ ամուսնալուծության գործընթացը ձգձգվեց։

Աստված ամեն ինչ տեսել է։ Ինձ համար շատ ցավալի է, որ մարդը որոշեց ընտրել ամենահեշտ ճանապարհը՝ չմտածելով հարազատների և երեխաների մասին։ Սա սարսափելի ցավ է ինձ և մեր ողջ ընտանիքի համար։ Այստեղ մեղավորներ չկան։

Իսկ ինչ վերաբերում է իմ հասցեին հնչող զրպարտություններին և ինձ մեղավորության զգացում պարտադրելու փորձերին, ապա Ամենակարողն ամեն ինչ տեսնում է։ Եվ յուրաքանչյուրն իր խոսքերի ու արարքների համար պատասխան է տալու։

Ես չեմ ցանկանում այստեղ ընտանեկան վեճերը հանրայնացնել և կեղտոտ խոսակցություններ տարածել։ Իմ բլոգը միշտ լուսավոր է եղել, այստեղ երբեք ընտանեկան խնդիրները հանրային քննարկման առարկա չեն դարձել, առավել ևս՝ որևէ մեկի հասցեին վիրավորական խոսքեր չեն հնչել։ Այն մարդկանց, ովքեր ինձ չարիք էին ցանկանում, ես բարություն եմ ցանկացել։ Ես հենց այդպիսին եմ։ Իսկ իմ հասցեին ուղղված ողջ բացասականը պարզապես չեմ ընդունում և շարունակում եմ ապրել իմ կյանքով։

Ես երկու երեխա ունեմ, և նրանք ամենակարևորն են իմ կյանքում։ Նրանց համար ամեն ինչ անում եմ, որպեսզի ոչնչի կարիք չունենան։ Երբեմն թվում է, թե ուժերս այլևս չեն հերիքում, բայց նայում եմ նրանց, և դա ինձ նոր ուժ է տալիս։ Նրանց ապագան իմ գլխավոր հոգսն է, և հանուն դրա ես երբեք կանգ չեմ առնի։

Ուստի Աստծուց վախեցեք, մի՛ խառնվեք ուրիշների կյանքին ձեր ենթադրություններով և մի՛ դատեք ուրիշի ընտանիքին՝ ՉԻՄԱՆԱԼՈՎ, թե իրականում ինչ է կատարվել այդ ընտանիքի ներսում։ Դուք չգիտեք, թե վաղն ինչ է ձեզ սպասվում։ Ապրեք ձեր գեղեցիկ կյանքով և թույլ մի՛ տվեք, որ այնտեղ տեղ գտնվի դատապարտման համար։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, իր դժվարություններն ու հաղթանակները։

Ինձ և երեխաներիս համար սա չափազանց ծանր ժամանակաշրջան է։ Ավագ դուստրս շատ է վախեցել իմ դեմ կազմակերպված հետապնդումներից և բուլինգից։ Նա ինձ տեսել է տարբեր հոգեվիճակներում և ամեն ինչ հասկանում է։ Ամեն օր ասում է, որ վախենում է ինձ կորցնել։

Արդեն ժամանակն է վերադառնալու բլոգ։ Սա առաջին հերթին իմ աշխատանքն է։ Ես ունեմ պարտավորություններ, որոնք պետք է կատարեմ»։

Կիսվեք ձեր էջում