«Երանի երեխաներս նորից բռնեն պապիկի ձեռքը»․ Ծառուկյանի դուստրը տեսանյութ է հրապարակել
Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Մանկությունից հիշում եմ, թե ինչպես էր հայրս, չնայած իր անսահման զբաղվածությանը, միշտ ժամանակ գտնում մեզ հետ զբոսնելու համար։ Ու զարմանալին այն էր, որ որքան էլ հոգնած կամ մտազբաղ լիներ, մեզ հետ միշտ նույն ոգևորությամբ էր։
Մեր ամենաանհեթեթ հարցերին անգամ պատասխանում էր այնպիսի համբերությամբ ու հետաքրքրությամբ, ասես աշխարհում այդ պահին ավելի կարևոր ոչինչ չկար։
Այսօր նույն հիշողություններն ունեն նաև իմ երեխաները։
Երանի շուտ վերադառնան այդ օրերը, երբ այս փոքրիկ ձեռքերը նորից կբռնեն հորս ձեռքերը, իսկ ես կողքից կնայեմ ու կհասկանամ, որ իմ մանկության ամենաթանկ պահերը շարունակվում են իմ երեխաների մանկության մեջ… ❤️»
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանքի տակ է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու համար։ Քրեական գործով անցնում են ևս ութ անձինք։
Ըստ Քննչական կոմիտեի՝ գործը վերաբերում է իրանցի երկու քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն ու դրա օրինականացմանը։ Ծառուկյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները և պնդում է, որ որևէ հանցանք չի կատարել։
Նշենք, որ հոկտեմբերին գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ նոյեմբերի 5-ին դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարաձգել նրա կալանքի ժամկետը։ Ծառուկյանի պաշտպանական կողմը պահանջել էր փոխել խափանման միջոցը, սակայն դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։


