Մամուլ

ԱԱԾ-ն ադրբեջանական զինծառայողի ՀՀ սահմանը հատելու մասին հայտարարություն է տարածել

Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:

«Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»։

Ինչպես արդեն հայտնել էինք 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Կիսվեք ձեր էջում