ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքավորմանը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս բնակավայրի վարչական տարածքում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազալցակայանում կայանված ու լիցքավորվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ գազալցակայանի աշխատակիցը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Ավագյանի, Մարտունու քննչական բաժնի պետ և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «Mercedes G»-ն բախվում հեղուկ գազալցակայանում կայանված ու լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում