Ո՞վ է Հայաստան ներխուժած ադրբեջանցին․ նա 6 օր առաջ էր փախել զորամասից
«Լաչինի ուղղությամբ մեր զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»,- այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի զորամասերից մեկում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին։
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի ծառայության վայրում բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ սկսվել է որոնում, և անհրաժեշտ որոնողական միջոցառումներ են իրականացվել Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես արդեն հայտնել էինք, Սիսիանի Շաքի բնակավայր է ներթափանցել ադրբեջանցի, որը կրակել է ՀՀ քաղաքացու ուղղությամբ։
Տեղեկությունը հաստատել էր նաև Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Վնասվածք է ստացել 5 երեխաների մայր, նա փորձել է վնասազերծել ադրբեջանցուն, դանակով հարվածել է նրան, որից հետո հակառակորդը կրակել է կնոջ ուղղությամբ եւ դիմել փախուստի։
Կինն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապ օգնություն։
Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը մեզ ասաց` կինը հետազոտման փուլում է, կյանքին վտանգ չի սպառնում, այլ մանրամասներ հրաժարվեց հայտնել։



