«Մամայիս ծեծում էր, խփում գլխին». Տաքսիստ Արմանի դուստրերը նոր մանրամասներ են պատմել հոր մասին
«Տաքսիստ Արման» հայտնի Արման Գալստյանը նստացույց էր անում Կառավարության շենքի դիմաց՝ հայտնելով, որ կինն ու երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, և պահանջելով նրանց վերադարձը։
Տեսանյութի տարածումից հետո նրա կինը՝ Ռուզաննան, նույնպես տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով ընտանեկան հարաբերությունների իր կողմը։ Նա պնդել էր, որ բազմիցս ենթարկվել է ամուսնու բռնություններին, հերքել էր դավաճանության մասին մեղադրանքներն ու դրանք անհիմն որակել։
Այսօր համացանցում նոր տեսանյութ է տարածվել, որում Արման Գալստյանի դուստրերը պատմում են ծնողների հարաբերությունների և ընտանիքում տիրող իրավիճակի մասին։ Աղջիկների խոսքով՝ իրենք մանկություն չեն ունեցել, նորմալ չեն հաճախել դպրոց, քանի որ հայրը թույլ չի տվել տնից դուրս գալ, խաղալ և ազատ ժամանակ անցկացնել հասակակիցների հետ։
Դուստրերն անդրադարձել են նաև Կարոյին, ում Արմանը մեղադրում է կնոջ հետ դավաճանության մեջ։ Աղջիկների պնդմամբ՝ Կարոն իրենց հոր ընկերն է և մոր հետ որևէ կապ չունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր նաև Արմանի և նրա դստեր հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում աղջիկը հորը պատմում էր մոր ապրումների մասին՝ նշելով, որ վերջինս նրա պատճառով անգամ ինքնասպանության մասին է մտածել։
Այսպիսով, ընտանեկան վեճի շուրջ կողմերի հրապարակային հայտարարությունները շարունակում են տարածվել համացանցում՝ նոր մանրամասներ ներկայացնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։


