Մամուլ

Երևանում՝ 16-ամյա տղաների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երևանում՝ 16-ամյա տղաների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 27-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ ազդրի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի օպերատիվ խումբը։Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Գ․-ն է, ով հայտնել է, որ իրենց շենքի բակում ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ նույն օրը ժամը 13։30-ին Անանուն փողոցում Հ.Գ․-ն վիճաբանել է 16-ամյա Դ․  Գ․-ի  և 16-ամյա Ա․ Ղ․-ի հետ, որի ընթացքում Դ.Գ․-ն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Հ.Գ․-ին՝ պատճառելով նշված վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում Դ.Գ․-ն և Ա.Ղ․-ն ծնողների հետ միասին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո տեղափոխվել քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել