«Ժողովուրդը կոտորվում են»․ Եղվարդում հուղարկավորեցին վթարից զոհված ծնողներին ու որդուն
Եղվարդում այսօր՝ հոկտեմբերի 28–ին, հուղարկավորեցին ողբերգական վթարից զոհված ամուսիններին և որդուն։
«Ժողովուրդը, կոտորվում են, բառիս բուն իմաստով, ձախ կողմում մայրն էր, աջ կողմում հայրն էր, անտանելի վիճակ էր, նկարագրելու չէր, պատմելու չէր, ոչ էլ տեսնելու էր, որ մենք գնացինք տեսանք։ Մարդիկ կան, որ ուշքի չեն գալիս։
Սպասում ենք, որ գոնե մնացած երեխաները լիարժեք տուն դառնան։ Ճիշտ է, երկուսը ծայրահեղ ծանր են, բայց աղոթում ենք, Աստված ենք կանչում, որ գոնե դրական դինամիկա լինի, որ մի լավ բան լսենք»,–ասաց հարևաններից մեկը։
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Շատ լավ մարդիկ են, շատ աշխատասեր, շատ կազմակերպված, երեխաների դաստիարակությամբ շատ լավ զբաղվում էին, տալիս էին մասնագիտական պարապմունքների։ Շատ օրինակելի ընտանիք էր, տղան ու հարսը շատ սերով էին, կիսուրի, կեսրարի հետ, բոլորի հետ։ Այդպիսի աշխատասեր ընտանիք թող ամբողջ Հայաստանում լինի։ Մխիթարը, կինը՝ Իզաբելան, երեխաները։
Դե փոքրի մասին ասելու ոչինչ չկա, կրծքի երեխա է, այն չորսն էլ էնքան ակտիվ, էնքան սիրուն, որ նկարագրելու չի։ Ամբողջ գյուղում ում էլ հարցնեք, կասեն, թե ինչ ձևի են սգում։
Հարսը փոքր երեխան գրկին գնում էր, խմոր էր անում, իրենց աշխատանքը վաստակում էին, որ իրենց երեխեքը ոչ մի ձևի նեղ դրություն չունենային ու չեն էլ ունեցել։ Բոլորն էլ ճանաչում էին, հրաշք գեղեցկուհի աղջիկներ են։ Գնացել էին իր մամայի քառասունքին, հետո էդ դեպքը եղավ»։
Բնակիչներից մի տղամարդ էլ նշեց, որ աղջկա հայրն իր մոտ ընկերն է. «Ոչ խմող էր, ոչ բան, նորմալ տղա էր, նորմալ ընտանիք։ Խելոք, իրենց քրտինքով ապրող ժողովուրդ։ Հաստատ գիտեմ, որ խմած չի եղել, որովհետև ինքը ղեկին չէր խմում երբեք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի (ամուսիններ) տեղում մահացել են, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ երեխաներից մեկը ևս հիվանդանոցում մահացել է։
Տեսանյութը ստորև․


