Մամուլ

ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին կալանավորելու համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝  հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել է քննիչի կողմից երկամսյա կալանքի միջնորդությունը, սակայն խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանը և հայտնել, որ Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձը անհիմն հրել էր։

Տեղում Գ․ Թարջումանյանը հայտնել էր, որ իրեն հրել էին ժամը 00:30-ի սահմաններում և նրա ահազանգի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր էին  կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Թարջումանյանը բլոգեր «Գեորգիքս»-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում