Մամուլ

«Պասպորտ-սեղանները փակվում են». ի՞նչ եղանակով պետք է ստանալ անձնագրերը

Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով` բիոմետրիկ փաստաթղթերը ստանալու համար անձը նախ պետք է անցնի նախագրանցում, որից հետո նա էլեկտրոնային իր հացեին կստանա QR կոդ։

Ինչ վերաբերում է վճարումներին, ապա դրանք կիրականացվեն մինչև գրասենյակ այցելելը` առցանց` անկանխիկ եղանակով, իսկ արդեն գրասենյակում անձը կհանձնի միայն մատնահետք, կլուսանկարվի։

Բացի այդ, ըստ նախարարի, այս ամբողջ գործընթացն առաջին անգամ հնարավոր կլինի իրականացնել նաև ինքնաշխատ եղանակով` առանց աշխատողների օգնության, հատուկ սարքերի միջոցով, որոնք թույլ կտան ինքնուրույն նկարվել, հանձնել մատնահետք։

Սարգսյանը նշեց, որ այդ սարքերը տեղադրված կլինեն Երևանում, օրինակ` «Մեգամոլում» և «Երևան մոլում», և ևս 12 տեղ`ՀՀ այլ հատվածներում։ 14 աշխատանքային օրվա ընթացքում անձը կստանա բիոմետրիկ փաստաթուղթ։

Ի դեպ, կառավարության նիստի ժամանակ նախարարներն արդեն իսկ ստացել ու ուսումնասիրում էին, ըստ էության, իրենց առաջին կենսաչափական նոր անձնագրերը։

Կիսվեք ձեր էջում