19-ամյա Կարենը զոհվել է՝ փրկելով ծառայակիցների կյանքը
19-ամյա Կարենը զոհվել է՝ փրկելով ծառայակիցների կյանքը
168.am-ը գրում է․ Արագածոտնի մարզի Օրգով գյուղում սուգ է, բոլորը լուռ են, թշնամու սանձազերծած պատերազմի ընթացքում զոհվել է գյուղի երիտասարդներից՝ ժամկետային զինծառայող 19-ամյա Կարեն Գնելի Կարապետյանը։
Զոհված զինծառայողի ազգականը՝ Վալեր Գրիգորյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարենը զորակոչվել էր նախորդ տարի ամռանը։ Ծառայել էր նախ Արմավիրի ուսումնական զորամասում, ապա որպես սերժանտ՝ տեղափոխվել էր Կապանի N զորամաս։
«Կարենը շատ լավ, հասնող, բարի, ընկերասեր, մեծին հարգող տղա էր։ Իրենք 4 եղբայր էին, 2-ը Ռուսաստանի Դաշնությունում էին, լուրը լսելուն պես վերադարձել են, իսկ մյուս եղբայրը զինվորական է»,- ասաց զոհված զինծառայողի ազգականը, ապա իրեն հայտնի մանրամասներ փոխանցեց դեպքից՝ Կարենը ծառայակից 7 ընկերների հետ Կապանի դիրքերում է եղել, երբ կռիվը սկսվել է․
«Բոլորն էլ մեր երեխեքն են, բայց Կարենս իրեն հերոսի պես է պահել։ Ոտքից վիրավորվել է, բայց ընկերներին չի ասել, միայնակ առաջ է գնացել, տղերքին ասել է՝ ես դիրքի ավագն եմ, բոլորդ հետ գնացեք, ես էս շների դեմը կառնեմ։
Միայնակ կռվել է, բայց քանի որ ոտքից վիրավոր է եղել, արնաքամ է եղել։ Դատաբժիշկն ասաց, որ արնահոսելուց է մահացել մեր երեխեն, դե, 3 օր այդպես մնացել է մարտի դաշտում։ Բա ո՞նց չասենք՝ հերոս, իր կյանքի գնով փրկել է ծառայակից ընկերներին․․․»։
Օրգովի բնակիչը մեզ հետ զրույցում պատմեց, որ կռիվը սկսվելուց մոտ 2 ժամ առաջ Կարենը զանգահարել էր մորը, ապա՝ դասընկերոջը․
«Չգիտենք, թե ինչ են խոսել, բայց այդ զանգից հետո դասընկերը փակվել է սենյակում, ոչ մեկի հետ չի խոսել, երևի երեխեն մի բան զգացել էր ու կիսվել էր ընկերոջ հետ․․․ Կարենիս հայրն է ճանաչել՝ ունքի սպիից և վզի խալից․․․»։
Վալեր Գրիգորյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ գյուղի մեկ այլ պայծառ երիտասարդ էր զոհվել՝ Հայկ Խաչատրյանը, և այսօր իրենց ցավը կրկնապատկվել է։
Կարեն Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Տեղերի վանքում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 19-ին՝ Օրգովի գերեզմանատանը։