ՄամուլՏեսանյութ

Աղոթում եմ, չեմ հուսահատվում, էլի կքայլեմ. Անիին 3-րդ անգամ կվիրահատեն

Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակչուհի Անի Ավետիսյանը, որն ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ էր ստացել, դեպքից հետո առաջին անգամ հարցաքննվել է վերակենդանացման բաժանմունքից դուրս։

Քննիչը նրա հետ մոտ երկու ժամ է անցկացրել հիվանդանոցում, որտեղ կինն արդեն գրեթե մեկ ամիս է գտնվում և պատրաստվում է ոտքի երրորդ վիրահատությանը։

«Առաջին հարցաքննությունը վերակենդանացման բաժանմունքում էր, բայց այն ժամանակ ես շատ ծանր վիճակում էի և չէի կարողանում պատասխանել հարցերին։ Հիմա քննիչը նորից է եկել»,- պատմել է Ավետիսյանը։

Նրա պատմելով՝ վիրավորումից հետո թոքերում հեղուկ էր կուտակվել, որը հաջողվել է հեռացնել դեղորայքային բուժման միջոցով։ Այժմ բժիշկները սպասում են հետազոտությունների արդյունքներին, որից հետո կնշանակեն ոտքի հերթական վիրահատության օրը։

«Այն, որ մինչև հիմա գամված եմ անկողնուն, ինձ համար շատ ծանր է։ Բայց ճարս ինչ։ Սա էլ փորձություն է, և ես այն կհաղթահարեմ»,- ասել է կինը։

Ավետիսյանը պատմել է, որ կարոտում է երեխաներին, որոնք գալիս են իրեն տեսակցության։ Առաջիկա օրերին՝ նոյեմբերի 7-ին, նրա ծննդյան օրն է, իսկ նոյեմբերի 10-ին՝ դստեր ծննդյան օրը։ Երկու օրն էլ նա ստիպված է լինելու անցկացնել հիվանդանոցում։

Կինը շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու բուժքույրերին՝ հոգատարության և ջերմ վերաբերմունքի համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն և հետաքրքրվում իր վիճակով։ Առանձին շնորհակալություն է հայտնել ծնողներին, որոնք այժմ հոգ են տանում իր երեխաների մասին, ամուսնուն։

Միաժամանակ Անի Ավետիսյանը լրագրողներին խնդրել է բուն դեպքի մասին իրեն չհարցնել. կատարվածի հիշողությունները շարունակում են ուժեղ ցավ պատճառել նրան։

«Երբ լրագրողները գալիս են, ես շատ շնորհակալ եմ նրանց ուշադրության համար։ Բայց խնդրում եմ հետաքրքրվել միայն իմ առողջությամբ, ուրիշ ոչ մի բանի մասին չհարցնել։ Մինչև հիմա չեմ կարողանում մտքիցս հանել կատարվածը, լսում եմ դստերս ճիչերն ու չեմ կարողանում զսպել արցունքներս»,- խոստովանել է նա։

Չնայած ծանր վիճակին և ապրածին՝ Անի Ավետիսյանը չի կորցնում ապաքինվելու հույսը։ Նա պատմել է, որ ամեն օր աղոթում է իր երեխաների, հարազատների և սեփական առողջության համար։ Կինը նաև շնորհակալություն է հայտնել Սիսիանի եկեղեցու քահանային, որն այցելել է իրեն և Երուսաղեմից բերված խաչ նվիրել։

«Ես չեմ հուսահատվում։ Բժիշկների, նրանց լավ վերաբերմունքի ու հոգատարության շնորհիվ ես ոտքի կկանգնեմ և կրկին կկարողանամ քայլել»,- ասել է նա։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում