Մի քանի տոննա պանրով բարձված ЗИЛ-ը բախվել է մեկ այլ ЗИЛ-ի. կան վիրավորներ
Մի քանի տոննա պանրով բարձված ЗИЛ-ը բախվել է մեկ այլ ЗИЛ-ի. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ЗИЛ մակնիշի բեռնատարի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների՝ աոջևի անվահեծանի կոտրվելու պատճառով չի կարող կառավարել ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի և գլխիվայր շրջվելով՝ մոտ 100 մետր առաջ է ընթացել, մասամբ փակելով ճանապարհը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Կարեն Հակոբյանն ու Արմեն Հարությունյանը: Ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գլխիվայր շրջված ЗИЛ-ը բարձված է եղել մի քանի տոննա պանրով, որը թափվել է ողջ ճանապարհով մեկ: