Մամուլ

66 տարեկան եմ, նման վիրավորանքի դեռ չէի արժանացել

66 տարեկան եմ, նման վիրավորանքի դեռ չէի արժանացել

Hraparak.am-ը գրում է․ Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը Արմավիրի մարզից շախմատի 15 ուսուցիչ է մասնակցել։ Անցողիկ շեմը հաղթահարել է երեքը։

Շախմատի դպրոցում աշխատանքային հարուստ փորձ ունեցող, ապա 12 տարի դպրոցում շախմատ դասավանդող ուսուցիչներից մեկը, որի անունն ու դպրոցը չենք նշում՝ իր իսկ խնդրանքով, քննությունը չի անցել։ Ասում է՝ թեստերը բարդ էին։

«Մենք այդ ուղղությամբ չէինք պարապել, մեզ այլ գրականություն էր տրվել։ Շախմատ էլ չտվեցին, որ առաջադրանքը լուծեինք։ Մինչեւ 12 քայլ պետք է հաշվեինք՝ թերթիկի վրա։ Այնքան էի սեւեռվել թղթին, որ արքան ու զինվորներն աչքիս կարմիր էին երեւում։

Մինչեւ քննության մտնելն ասում էի՝ ի՞նչ պետք է լինի, որ չլուծեմ․ գիշեր-ցերեկ պարապել, 5 հազար խնդիր եմ լուծել, բայց արի ու տես՝ չանցա։ Իսկ տուն հասնելուն պես նստեցի շախմատի տախտակի առաջ ու բոլորը լուծեցի»,- պատմեց ուսուցիչը։

Իր անհաջողության մասին աշակերտները չգիտեն։ Ճիշտ չեն հասկանա։ Իսկ տնօրենը խնդրել է, որ չշտապի ազատման դիմում գրել, որովհետեւ լավ մասնագետ է․ աշակերտներն իրեն սիրում են, իրենից սովորում են, նրանց համար էլ հեշտ չի լինի սիրելի ուսուցչից բաժանվելը։ 

«Բարոյապես կոտրված եմ․ մի՞թե կարելի է ծուղակ պատրաստել ուսուցչի համար, սթրեսի ենթարկել, նսեմացնել։ 66 տարեկան եմ, նման վիրավորանքի դեռ չեմ արժանացել։ Ես բարձր միավորներով երեք տարվա լիզենզիա եմ բացել, բայց կամավոր ատեստավորումից կտրվել եմ։

Եթե կարող են այնպիսիներին բերել դպրոց, որ կարողանան ոչ միայն դասարան կառավարել, այլեւ պատվով կրել մանկավարժի կոչումը, թող բերեն։ Ես շախմատի ուսուցիչներ գիտեմ, որոնք նույնիսկ քայլերը չգիտեն, բայց անհրաժեշտ կրեդիտներ են հավաքել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում