Մամուլ

30 տարվա մանկավարժ, 4 երեխաների մայր․ ով է ձերբակալված ուսուցիչը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր համայնքում սեպտեմբերի 30-ին ուսուցչուհին ծեծի էր ենթարկել 2-րդ դասարանի 7-ամյա աշակերտուհուն։

Դեպքի շուրջ բարձրացած մեծ աղմուկից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ կքննարկվի ուսուցչուհու` մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցը: Ապա ՔԿ-ն հաղորդեց, որ վերջինս ձերբակալվել է։

Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը հայտնեց, որ ուսուցչուհու կողմից երեխաներին ծեծի ենթարկելու մասին նախկինում որևէ դեպք չի լսել։

«Գործը իրավապահների տիրույթում է, այդ դաշտ չեմ մտել, թող քննությունը ավարտվի, ամեն ինչ պարզ կլինի, միգուցե այս պահին համացանցում ուռճացված տեղեկություններ տարածվեն»։

Նրա խոսքով՝ ուսուցչուհին երկար տարիներ դպրոցում աշխատել է․ «Դասվար է, մոտ 30 տարվա ստաժ ունի։ 4 երեխա ունի, բոլորը չափահաս են, աղջիկներն ամուսնացած են։

Իսկ տուժած երեխան մեկ եղբայր ունի, ով իրենից մեծ է՝ 9 տարեկան է, սովորում է նույն դպրոցում»։

Ավետիսյանը նաև անդրադարձել է տեսախցիկների տեսագրության՝ համացանցում հայտնվելու հանգամանքներին։

«Ես որքանով տեղյակ եմ, ծնողը երեխայի բողոքից հետո խնդրել է, որ տեսախցիկների տեսագրությունը իրեն ցույց տան, բայց ինքը չի հրապարակել, ինքը հեռախոսով նկարել է, ուղարկել է դասարանի չաթ, որ տեսեք` նման դեպք է եղել մեր դասարանում, հետո չաթի ծնողներից, թե ով է հրապարակել տեսագրությունը, ոչ մեկը չգիտի»։

Կիսվեք ձեր էջում