Տան տերը հիմա տան վարձն է ուզում, ասել է՝ եթե չեք մնալու, եկեք վեշերը հանեք․ Անի Ավետիսյան
Օրերս Դատալեքսից տեղեկացանք, որ Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, և նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին։
Մեկ ամսից ավելի է՝ Անի Ավետիսյանը հիվանդանոցում է, չի կարողանում քայլել, նա մի քանի վիրահատությունների է ենթարկվել, առաջիկայում ևս վիրահատություններ կլինեն։
168.am-ի հետ զրույցում Անի Ավետիսյանն ասաց, որ այս պահին իրեն այդքան էլ լավ չի զգում։
«Դեռևս չեն ասել, թե հաջորդ վիրահատությունը երբ է տեղի ունենալու, բուժման ընթացքի մեջ եմ։
Սուտ կլինի ասել, որ առողջական վիճակս բարելավվել է, դեռևս քայլել չեմ կարողանում, նույնիսկ օգնելու դեպքում։ Վիրահատությունս նոր ենք արել, ոսկոր են կտրել, նորից թարմացրել»,- նշեց Անի Ավետիսյանը։
Ըստ նրա, Հայաստանում հնարավորությունները բավարար են ամբողջական բուժումն անցնելու համար։ Այս պահին էլ չգիտի՝ բուժվելուց հետո Սյունիք կվերադառնա՞, թե՞ ոչ, սակայն մեկ բան հստակ է՝ Շաքի չի վերադառնալու, քանի որ այնտեղ վարձով է բնակվել։
«Տան տերը հիմա տան վարձն է ուզում, ասել է՝ եթե չեք մնալու, եկեք վեշերը հանեք։ Դեռ հիվանդանոցում կմնամ, չգիտեմ՝ այստեղ ինչքան եմ մնալու, մինչև չքայլեմ, չեմ կարողանալու դուրս գրվել։
Երեխաներս դեռ չեն կարողանում հոգեբանական խնդիրները հաղթահարել»,- ընդգծեց Անի Ավետիսյանը։


