Հերթական խոշոր չափի բնակարանային գողությունը․ հափշտակել են 155 հազար եվրո գումար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հերթական խոշոր չափի գողության դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Նոյեմբերի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ 57-ամյա Հասան Խ.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել։
Նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները։
Տեղում Հասան Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 3-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան պահեստային սենյակի փայտյա արկղից գողացել են 155 հազար եվրո գումար։
Նա հայտնել է նաև, որ տան դռներն ու պատուհանները անվնաս վիճակում են, իրերը գտնվել են իրենց տեղում, խառնված չեն եղել և տանը նշված ժամանակահատվածում մշտապես իր տան անդամներից գոնե մեկ հոգի եղել է։
Դեպքի փաստով Արարատի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


