ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել Լոս Անջելեսում աղետալի հրդեհի պատճառ դարձած տղամարդը
ԱՄՆ դատարանը 30-ամյա Ջոնաթան Ռինդերկնեխտին մեղավոր է ճանաչել հրկիզման մեջ, որը 2025 թվականի հունվարին հանգեցրել էր Լոս Անջելեսի «Palisades» ավերիչ հրդեհին։ Կրակը խլել էր 12 մարդու կյանք, ոչնչացրել հազարավոր տներ ու այլ շինություններ և հասցրել շուրջ 25 միլիարդ դոլարի վնաս։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Դատավճիռը կհրապարակվի մարտի 17-ին։ Տղամարդուն 5-ից 40 տարվա ազատազրկում է սպառնում։
Ռինդերկնեխտը մեղավոր է ճանաչվել դաշնային երկու մեղադրանքով՝ հրդեհի միջոցով գույք ոչնչացնելու և միջնահանգային առևտրում օգտագործվող գույքին վնաս հասցրած հրկիզման համար։
Մեղադրող կողմի վարկածով՝ Uber-ի նախկին վարորդը 2025 թվականի հունվարի 1-ի վաղ ժամերին փոքր հրդեհ է բռնկել Պալիսեյդս թաղամասում։ «Lachman Fire» անվանումը ստացած կրակն ընդգրկել է 5-ից 8 ակր խիտ թփուտներ։ Հրշեջները մարել են այն, սակայն օջախը շարունակել է մխալ հողի տակ։ Յոթ օր անց «Սանտա Անա» ուժգին քամիները բորբոքել են մխացող մնացորդները, և կրակը տարածվել է՝ վերածվելով «Palisades» լայնածավալ հրդեհի։
Մեղադրող կողմը ներկայացրել է տեսահսկման խցիկների ձայնագրություններ, GPS տվյալներ և Ռինդերկնեխտի վարձակալած ավտոմեքենայում հայտնաբերված կրակայրիչը։ Դատախազների խոսքով՝ կրակայրիչի վրա գտնված ԴՆԹ-ն համընկել է մեղադրյալի ԴՆԹ-ի հետ։ Նրանք նաև պնդել են, որ տղամարդը փորձել է իր համար ալիբի ստեղծել, մի քանի անգամ զանգահարել է փրկարար ծառայություն և ChatGPT-ից հարցրել, թե արդյոք մարդը կարող է պատասխանատվություն կրել իր ծխախոտի պատճառով բռնկված անտառային հրդեհի համար։
Պաշտպանական կողմը պնդել է Ռինդերկնեխտի անմեղությունը։ Փաստաբան Սթիվ Հեյնին մատնանշել է, որ ոչ ոք չի տեսել, թե ինչպես է իր պաշտպանյալը հրդեհում խոտը, իսկ տեսախցիկները չեն արձանագրել կրակի բռնկման պահը։ Բացի այդ, առաջին հրդեհի վայրը մի քանի օր բաց է մնացել այցելուների համար, ինչը, պաշտպանության կարծիքով, կարող էր հանգեցնել կարևոր ապացույցների կորստի։
Առաջին դատավարությունը հունիսին ավարտվել էր առանց դատավճռի. երդվյալ ատենակալները չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Գործի վերաքննության ժամանակ վեց տղամարդուց և վեց կնոջից բաղկացած կոլեգիան Ռինդերկնեխտին մեղավոր է ճանաչել։
«Այն ժամանակ հարցն այն էր, թե ով է պատասխանատու։ Այժմ մենք ունենք պատասխանը»,- դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է ԱՄՆ դաշնային դատախազի առաջին տեղակալ Բիլ Էսայլին։
«Palisades» հրդեհը բռնկվել էր 2025 թվականի հունվարի 7-ին և ընդգրկել շուրջ 23,4 հազար ակր տարածք։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով՝ կրակը ոչնչացրել է 6837 տուն, ձեռնարկություն և այլ շինություն։ Հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել միայն հունվարի 31-ին։


