Մամուլ

Քույրերը խաբել են՝ իբր հայրն անհետ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ և յուրացրել շուրջ 11 մլն դրամ

Քույրերը խաբել են՝ իբր հայրն անհետ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ և յուրացրել շուրջ 11 մլն դրամ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքում (ՔՀԲ) ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։

12.11.2020 թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որը, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել, և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:

30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (դատական գործ Կ/Դ8867/02/21) Խ.Ա.-ին անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020 թ․ 44-օրյա պատերազմին, ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի:

paterazm zinvor

22.11.2021 թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող, և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դուստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն, և յուրաքանչյուրին վճարվել է 5 մլն ՀՀ դրամ՝ որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022 թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11 մլն ՀՀ դրամ:

ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել:

Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019 թ. հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել:

Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (Խարդախություն) և 550-րդ (Զինվորական պաշտոնեական անփութություն) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել նյութով