«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո հարյուրավոր վիրավորներ տեղափոխվեցին Ստեփանակերտի Հանրապետական և մանկական հիվանդանոցներ։ Այդ օրը հիվանդանոցում աշխատած բժիշկները հիշում են, թե ինչպես պայթյունից րոպեներ անց սկսեցին ընդունել ծանրագույն այրվածքներով մարդկանց։
«Սկզբում ուժեղ պայթյուն լսվեց, մտածեցինք՝ գուցե ուժեղ կայծակ է։ Մոտ 10 րոպեի ընթացքում զանգեցին և ասացին, որ այրվածքով հիվանդներ կան։ Այդ պահին որքան բուժանձնակազմ կար հիվանդանոցում, բոլորս իջանք առաջին հարկ՝ վիրավորներին դիմավորելու։ Բարձր գոռոցների, ձայների ու ցավի մեջ փորձում էինք կենտրոնանալ և հասկանալ՝ ինչպես օգնենք»։
Բժիշկներից մեկը, որը այդ պահին հիվանդանոցի ճանապարհին էր, տեղեկացել է, որ մեծ քանակությամբ վիրավորներ են տեղափոխվում նաև մանկական հիվանդանոց, որտեղ բուժանձնակազմն ավելի քիչ էր։ Նա մեքենան թողել է ճանապարհին և շտապել այնտեղ։
«Խառնաշփոթ իրավիճակ էր։ Այրվածքներով, գրեթե ամբողջությամբ՝ օրգանիզմի 80-90 տոկոս այրվածքներով, ընդհուպ վառված վիճակում վիրավորներ էին գալիս անընդհատ։ Նրանք, ովքեր սկզբում մտել էին հիվանդանոց, ցավին չէին դիմանում և փորձում էին սառը ջուր լցնել վերքերի վրա։ Երբ մենք սկսեցինք մշակել այրվածքները, տեսանք, թե որքան խորն են մաշկի վնասվածքները։ Մաշկն ամբողջությամբ այրված էր, նույնիսկ ենթամաշկային մկաններն էին երևում։ Որոշ դեպքերում վնասվածքներն այնքան խորն էին, որ նույնիսկ ոսկորներն էին երևում»։
Այրվածքների ծանրության պատճառով հիվանդանոցում տարածվել էր առանձնահատուկ ծանր հոտ։ Ռեանիմացիոն բաժանմունքում բժիշկները սկսել էին միաժամանակ ընդունել տասնյակ վիրավորների։
«Մեկ ժամվա ընթացքում ընդունել ենք մոտ 60 վիրավոր, մեծամասնությունը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Մարդկանց ամբողջ շորերը այրված և կպած էին մաշկին, ոտքից գլուխ այրված էին, դեմքերն ամբողջությամբ վնասված էին։ Փորձում էինք անմիջապես կտրելով հեռացնել մաշկին կպած այրված հագուստը, կատարել ցավազրկում և հակաշոկային միջոցառումներ»։
Բժիշկների խոսքով՝ այդ պահին առկա էին նաև բժշկական պարագաների և դեղորայքի խնդիրներ։ Հիվանդանոցում բավարար քանակությամբ ցավազրկողներ, այրվածքային քսուքներ և վիրակապական նյութեր չկային։
«Նույնիսկ ցավազրկողները սակավ էին, կիսում էինք, որպեսզի գոնե մի քիչ թեթևացնենք ցավը։ Խնդրում էինք հարազատներին, եթե իրենց տներում որևէ ցավազրկող ամպուլա կամ այրվածքների համար անհրաժեշտ նյութ կա, անպայման բերեն։ Այդ աստիճանի այրվածքների դեպքում դժվար էր նաև երակ գտնել, իսկ հիվանդներին անընդհատ անհրաժեշտ էր մեծ քանակությամբ հեղուկ»։
Բժիշկը հիշում է, որ մանկական հիվանդանոցի դիմաց գտնվող դեղատներն այդ պահին փակ էին։
«Մի պահ ասացին՝ դեղերը չկան, դիմացի դեղատներն էլ փակ են։ Ես միայն հիշում եմ այն պահը, որ գոռալով ասում էի՝ հենց հիմա գնացեք, բացեք այդ դեղատները, ինչքան հնարավոր է վիրակապական նյութեր, քսուքներ՝ վերցրեք ու բերեք։ Ջարդելով դռները, պատուհանները՝ բերեք, որպեսզի օգտագործենք»։
Տեսանյութը ստորև․


