Հայտնի է՝ ինչո՞ւ են Սամվել Ալեքսանյանին արգելել մուտք գործել ՌԴ
Գործարարների մի մասն ուզում է քաղաքականությամբ զբաղվել, մեծ հավակնություններ դրսևորում և իրագործում մեծ նպատակներ, օրինակ՝ Դոնալդ Թրամփը։ Նա ավելի շատ հայտնի է որպես քաղաքական գործիչ, քան գործարար։ Կան գործարարներ, որոնք չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել, բայց նրանց ստիպում են քաղաքականությամբ զբաղվել, օրինակ՝ Սամվել Կարապետյանը։ Այս հայտնի գործարարը քաղաքականությամբ չէր զբաղվում։ Բայց իր կամքին հակառակ ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ։ Գրում է oragir.news-ը։
Սամվել Ալեքսանյանը հայտնի գործարար է։ Շատ մեծ ներդրումներ է արել, մեծ գործեր է անում, շատ հարկեր է մուծում։ Նախկինների օրոք նրան ստիպողաբար պատգամավոր էին դարձրել։ Բայց նա քաղաքական գործիչ չդարձավ, քանի որ չէր ուզում դառնալ։ «Պալիծիկայով չեմ զբաղվում», ասում էր նա, երբ լրագրողը նրան քաղաքական հարց էր ուղղում։ 2018-ից հետո նա միայն բիզնեսով է զբաղվում, քաղաքական ոչ մի հարթակում չի երևում, ո՛չ իշխանական թեմաներին է խառնվում, ո՛չ էլ ընդդիմադիր։ Նույնիսկ նախկինում, երբ պատգամավոր էր, նա հրապարակային քաղաքական դիրքորոշում չի հայտնել։ Ոչ ոք չգիտի, թե նա ինչ դիրքորոշում ունի քաղաքական այս կամ այն հարցերի վերաբերյալ։
Եվ ահա, նրան արգելում են մուտք գործել ՌԴ։ Նոյեմբերի 9-ին լուր տարածվեց, որ Սամվել Ալեքսանյանին Մոսկվայի օդանավակայանում թույլ չեն տվել մտնել երկիր։ Եվ հայ գործարարը ստիպված հետ է վերադարձել հայրենիք։
Ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանին արգելեցին մուտք գործել ՌԴ։ Նա արևմտամե՞տ է, հակառուսական ելույթ է ունեցե՞լ, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու ցույց է արե՞լ, ռուսական բազան դուրս հրավիրելու պահանջ է ներկայացրե՞լ, դեսովետիզացման ջատագո՞վ է, Մարիա Զախարովայի մասին վատ բան է ասե՞լ։
Տևական ժամանակ է՝ ՌԴ-ն տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի դեմ, փակել է ռուսական շուկայի դռները հայկական արտադրանքի առաջ, ակնարկում է ավելի լայն պատժամիջոցների մասին։ Ռուսական պատժամիջոցներից տուժում են հայ արտադրողները, արտահանողները, հայ գործարարները, մեծ հաշվով՝ հայ ժողովուրդը։ ՌԴ-ն հայ ժողովրդին պատժում է։ Ինչպես արգելում են հայ գործարարի արտադրանքի մուտքը, ինչպես խփում են հայ արտահանողի գործին, ինչպես թույլ չեն տալիս, որ հայ մարդու արդար աշխատանքով ստեղծվածը մտնի ՌԴ, այնպես էլ արգելում են հայ մեծ գործարար Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ։ Այսինքն՝ ենթադրելի է, որ Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելելու պատճառը ՀՀ-ի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների տրամաբանության շրջանակում է։
Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել այսօրինակ պատժամիջոցը։
Մտավախություն կա, որ Մոսկվան ուզում է Սամվել Ալեքսանյանին ներքաշել քաղաքականության մեջ, ինչպես ներքաշել է Սամվել Կարապետյանին։ Ռուսները, հավանաբար, ակնկալել են, որ նա էլ ռուսամետ դրոշ կբարձրացնի և ընդդիմադիր գործիչ կդառնա, որ Հայաստանը չշեղվի ռուսամետ կուրսից։ Սակայն Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, հրաժարվել է քաղաքականությամբ զբաղվել։ Եվ դրա համար Մոսկվան պատժում է նրան, փակում նրա մուտքը ՌԴ։
Մեկ այլ վարկածով էլ ենթադրվում է, որ Մոսկվան այսպիսով դրդում է հայ գործարարներին, մասնավորապես՝ Սամվել Ալեքսանյանին, ՌԴ-ից հանել այնտեղ ունեցած բիզնեսները, ներդրումներ անել ՀՀ բարեկամ երկրներում, հրապարակավ աջակցել անկախության և ժողովրդավարության ջատագով կուսակցություններին՝ ի հեճուկս ռուսական պայմանավորվածություններով կաշկանդված, ռուսամետ ուժերի հետ խուժան կռիվներ սարքելու սիրահար Նիկոլ Փաշինյանի։ Սա համարժեք հակադարձում կլիներ Մոսկվայի ոչ բարեկամական վերաբերմունքին։
Սամվել Ալեքսանյանի՝ ՌԴ մուտքն արգելելու հարցում առաջին պատասխանատուն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է։ Մի քանի շաբաթ առաջ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին էին արգելել մուտք գործել ՌԴ։ Պատճառը մինչ օրս հայտնի չէ։ Եթե ՀՀ իշխանությունն ու քաղաքական համայնքը համարժեք արձագանքեին ռուսների այս կամայականությանը, ապա, հավանաբար, Սամվել Ալեքսանյանի մուտքը չէին փակի, չէին վնասի ՀՀ քաղաքացուն, նրա գործը չէին խոչընդոտի։
Ամեն դեպքում՝ Մոսկվայի արգելքը Սամվել Ալեքսանյանի հանդեպ վիրավորական է պետության և ժողովրդի համար։ ՀՀ իշխանությունները ՌԴ-ի ազգային շահերի դեմ քայլ չեն անում։ Իսկ ՌԴ-ն արգելում է ՀՀ պատգամավորի, հայ գործարարի մուտքը երկիր։ Ենթադրելի է, որ այսօրինակ ոչ բարեկամական արգելքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ի հայտ կգան ազգային արժանապատվություն ունեցող քաղաքական գործիչներ և համարժեք կպատասխանեն ՌԴ-ին։ Գուցե համարժեք պատասխանից հետո կհանվեն ՀՀ-ի, հայ ժողովրդի, հայ գործարարի դեմ կիրառվող հանիրավի սանկցիաները, Մոսկվան հարգանքով կվերաբերվի հայ ժողովրդին, հայ գործարարին, պատգամավորին։


