Աշխարհ

Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը սուր խնդիրներ են քննարկել Մոսկվայում

Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը սուր խնդիրներ են քննարկել Մոսկվայում

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու Ռուսաստանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր հարցերը, որոնք, իմ կարծիքով, շատ հաջող են զարգանում»,- ասել է Հարությունյանը: Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

շոյգու

«Հաջողությամբ են իրականացվում մեր զինված ուժերի միավորված խմբավորման ինչպես նաեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը․․․ Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է, որը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն»,- շարունակել է նա:

Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին եւ ողջ հայ ժողովրդին պետական տոնի` Հանրապետության օրվա առթիվ: «Ես ուզում եմ շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ամբողջ հանրապետությունը, եւ այս օրը դուք Մոսկվա գալու հնարավոր գտաք: Սա ենթադրում է, որ մեր երկրների հարաբերությունները շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ, եւ մենք շարունակում ենք զարգացնել եւ խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,- ասել է նա:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Մոսկվա է մեկնել երեկ առավոտյան։ 

Կիսվել նյութով