Մամուլ

Ուշիում ավտովթարից զոհված զույգը ընդամենը 3 ամիս առաջ էր նշանադրվել

Համացանցում են հայտնվել նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած զույգի՝ Նարինեի և Հովհաննեսի լուսանկարները։

Նարինե Բարսեղյանը 26 տարեկան էր, բնակվում էր Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Դեպքի օրը նա Ստեփանավան-Երևան երթուղով ընթացող տաքսիով ուղևորվելիս է եղել իր նշանածի՝ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանի հետ։ Ցավալի վթարի հետևանքով երկուսն էլ մահացել են։ Զույգը ընդամենը երեք ամիս առաջ էր նշանադրվել։ Նարինեն և Հովհաննեսը միասին աշխատում էին Երևանի բանկերից մեկում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 9 անձանցից 6-ը եղել են միջմարզային տաքսի ծառայություն իրականացնող «Opel Zafira»-ի վարորդն ու ուղևորները։

Մեքենան վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 56-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Նա երկու որդի և երկու թոռ ուներ։ Վերջերս էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ մեկնել էր արտագնա աշխատանքի։ Տուն վերադառնալուց հետո ընդամենը երկու ամիս էր, ինչ աշխատում էր որպես տաքսու վարորդ։ Ավտոմեքենան նրան չէր պատկանում, այն տաքսի ծառայության սեփականությունն էր։

Մուշեղ Գևորգյանի ամուսնացած որդիներից մեկը դեպքի պահին մասնակցում էր 25-օրյա վարժական հավաքների, և տուն վերադառնալուն ընդամենը երկու օր էր մնացել։ Վթարից հետո նրան արդեն թույլատրել էին վերադառնալ տուն։

Տաքսու ուղևորներից է եղել նաև Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը։ Նա ամուսնացած էր, ուներ երկու դուստր, որոնք ուսանողներ են։

Մյուս ուղևորը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Էրիկ Մխոյանն էր։ Նա սովորել էր Լեռնահովիտի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Էրիկն ուներ կրտսեր եղբայր և Եվրոպայի չեմպիոն էր։ Այս տեղեկությունը հայտնել են Լեռնահովիտի համայնքապետարանից։

Տաքսու ուղևորներից զոհվել է նաև Էջմիածին քաղաքի բնակիչ, 14-ամյա Անգելինան։

Վթարի հետևանքով զոհվել են նաև «Jeep Compass»-ի վարորդը՝ Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ, 49-ամյա Վահրամ Ասատրյանը, նրա կինը՝ 49-ամյա Անժելա Կյուրեղյանը, և նրանց որդին՝ 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։ Ընտանիքը ևս երկու դուստր ունի։

Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև ռուսական համարանիշներով կցորդիչով «ԿամԱԶ» բեռնատարի վարորդը՝ Երևանի բնակիչ, 41-ամյա Յուրի Դավթյանը, «Chevrolet Volt»-ի վարորդը՝ Ապարանի բնակիչ, 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, ինչպես նաև նրա ուղևորը՝ Ապարանի բնակիչ, 34-ամյա Գեղամ Տոնոյանը։

Կիսվեք ձեր էջում