Ժամանց

Ռուզաննա Խաչատրյանն իր «98 հազար դոլարանոց» պայուսակը նվիրում է ՔՊ-ական պատգամավորին

Ռուզաննա Խաչատրյանն իր «98 հազար դոլարանոց» պայուսակը նվիրում է ՔՊ-ական պատգամավորին

Aravot.am-ը գրում է․ Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե «Բայց փաստը մնում է փաստ, որ երբ ընդդիմադիր քաղաքական լիդերի կինը դիմադրության շարժման է գնում 98 հազար դոլարանոց կլաչով, հազար ներողություն արտահայտությանս համար, այդտեղ մարդիկ առանձնապես դիմադրության հոտ չեն առնում։

Ի դեպ, ո՞ւր է պարոն Օհանյանը, չենք տեսել վաղուց։

Հետագայում փորձ է արվում մոտավորապես այդ կլաչի գնի ու հիպոթեկով 20 տարի ժամկետով մեր գործընկերների գնած  բնակարանները դնել նույն հարթության մեջ, ասել՝ այ, տեսեք, ձեր նախարարը Սեյրան Օհանյանի կնոջ կլաչի գնով բնակարան է գնել, այ դուք, տականքներ»:

Նման հայտարարությունը, այն էլ՝ «երկրի թիվ մեկ ամբիոնից», ինչպես սիրում են կրկնել այդ կուսակցության ներկայացուցիչներն ու համակիրները, չափից դուրս պատասխանատու է: 98 հազար դոլարը Հայաստանի նման երկրի համար իսկապես տան արժեք է:

Եվ Հայաստանում նույնիսկ մեկ ձեռքի մատների վրա դժվար է հաշվել մարդկանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ այդ արժեքի պայուսակ կրել, այն էլ՝ հանրահավաքի գնալիս:

Պատգամավորն այս հայտարարությունն անելիս, ըստ ամենայնի, օգտվել է իշխանամերձ շրջանակների հետ կապվող մի կայքի տեղեկատվությունից, որում լուսանկարված էր Սեյրան Օհանյանի կինը՝ պայուսակով, եւ բերված էր այդ պայուսակին շատ նման՝ աշխարհահռչակ «Հերմես» ֆիրմայի արտադրության, կոկորդիլոսի կաշվով պայուսակի լուսանկարը, որ վրա երեւում է արժեքը՝ 98 հազար դոլար:

Ի դեպ, լուսանկարներն ուսումնասիրելիս, տարբերություններն ակնհայտորեն երեւում են:

Համացանցում բազմաթիվ են Հերմեսի «Բիրկին» շարքի կոկորդիլոսի կաշվից իրական, կեղծ, ինչպես նաեւ՝ պարզապես դրանց նման պայուսակների լուսանկարներ եւ վաճառքի հայտարարություններ: Գներն էլ տատանվում են մի քանի հարյուր դոլարից մինչեւ անգամ 200 հազար դոլարի շրջանակում:

Այդ կարգի պայուսակները վաճառվում են նաեւ տարբեր աճուրդներում՝ լրիվ տարբեր գներով՝ կախված օգտագործված լինելու չափից:

Եթե մի քանի ամսվա օգտագործված է, ապա շատ ավելի թանկ արժե, քան մի քանի տարի օգտագործվածը, որը գրեթե տաս, տասնհինգ անգամ ավելի էժան է, քան խանութում վաճառվողը:

Այս պարագայում այդպես միանշանակ պնդել, որ Ռուզաննա Խաչատրյանի ձեռքինը հե՛նց 98 հազար դոլարանոց պայուսակն է՝ ընդհանրապես ոչ արժանահավատ է:

Ի դեպ, այն փաստը, որ երկու տարբեր կայքեր նույն լուսանկարը հրապարակելով, կրկնակի տարբերվող գներ էին նշել այդ պայուսակի վերաբերյալ, նույնպես ապացուցում է, որ հնարավոր չէ միանշանակ պնդել որեւէ ապրանքի գինը:

hermes birkin

Տեսեք՝ ստորեւ տեղադրված լուսանկարներում:

hermes birkin tank

Միակ տարբերակը, որով կարելի էր ճշտել այս հայտարարության ճշմարտացիությունը, հենց պայուսակի տիրոջից հարցնելն էր: Սեյրան Օհանյանի տիկնոջ հետ կապվելը թեեւ շատ հեշտ չէր, բայց հնարավոր էր, եւ նա սիրալիր ու բարեհամբույր պատասխանեց Aravot.am-ի հարցին՝ իրո՞ք իր ձեռքին 98 հազար դոլար արժողությամբ պայուսակ էր:

Տիկին Ռուզաննան նախ շնորհակալություն հայտնեց, որ ցանկացել ենք իրենից ճշտել պայուսակի արժեքը:

Ապա զարմանք հայտնեց, որ այսօր, երբ Հայաստան պետության ապագայի, լինել-չլինելու հարցն է կանգնած, ինչ-որ պատգամավորի կարող է հետաքրքրել եւ Հայաստանի գլխավոր քաղաքական ամբիոնից հնչեցնել մեկ այլ պատգամավորի կնոջ պայուսակի մասին բամբասանքները.

«Գոնե պատկերացնո՞ւմ են, թե ի՞նչ թվերի մասին են խոսում, ինչե՞ր են խոսում…»։

Ինչ վերաբերում է պայուսակին՝ Սեյրան Օհանյանի տիկինն ասաց, որ ստիպված պիտի հիասթափեցնի հիշյալ պատգամավորին եւ հիշյալ լուրը հրապարակած կայքին, ու վստահեցրեց, որ իր պայուսակը «Հերմես» ֆիրմայի արտադրանք չէ, պարզապես նման է, եւ շատ գեղեցիկ, կաշվից պայուսակ է, որը ձեռք է բերվել երեւանյան խանութներից մեկից՝ «98 հազար դոլար, բնականաբար, չարժե, բայց 98 հազար դրամ՝ թերեւս»:

Այնուհետեւ տիկին Ռուզաննան նկատեց, որ իրական «Հերմես» պայուսակները, որոնք, այո, կարող են այդ գինն ունենալ, համարակալված են, եւ վաճառվում են միայն եւ միայն անկանխիկ եղանակով, եւ առաջարկեց, որ պատգամավորը պարզի եւ հրապարակի, թե որ երկրից եւ որ համարի «Բիրկին» պայուսակն է դա:

Ավելին, ասաց, որ սիրով կնվիրի իր պայուսակը պատգամավորին. «Թող նա տանի, գնահատի իմ պայուսակը, եւ եթե կարող է, թող վաճառի այն գնով, որը հայտարարեց Ազգային ժողովի ամբիոնից»:

Հ.Գ.- Տիկին Ռուզաննային նաեւ զվարճացրել էր Վահագն Ալեքսանյանի ինքնավստահ տոնը՝ «կլաչ» բառն արտասանելիս. «Ախր նա գոնե գիտե՞, թե «կլաչն» ինչ է: Եթե պետք է՝ կարող եմ նորաձեւության դասեր տալ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով