Մամուլ

Պարեկները վնասազերծել են 36-ամյա տղամարդուն, ով կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը

Պարեկները վնասազերծել են 36-ամյա տղամարդուն, ով կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մանդիրովկես արագաչափիդ վնաս չէ» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավան և Արմաշի արագաչափերը կոտրել է։

Պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարն ու պարեկներ Վարդան Կարապետյանն ու Ավետիս Խաչատրյանը դարանակալում են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան մոտենում է դեպի Վեդու կողմ։ 

Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել  ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։ Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։

Վերջինիս ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա կասկածվում է Հանրապետությունում մի քանի այլ արագաչափեր կոտրելու մեջ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Կիսվել էջում