Աշխարհ

«Պատմությունը, ի վերջո, կարող է թակել Էրդողանի դուռը». Financial Times

«Պատմությունը, ի վերջո, կարող է թակել Էրդողանի դուռը». Financial Times

Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Գարդները նշել է, որ Թայիփ Էրդողանն այժմ գործում է այնպես, կարծես իր ուժը չունի սահմաններ, մինչդեռ շատ ավելի փխրուն է երևում, քան վերջին 20 տարիներին և հավելել է․ 

«Երբ տարեկան գնաճը բարձրացավ մոտ 50 տոկոսով, որն ամենաբարձրն է Էրդողանի ժամանակաշրջանում, նա աշխատանքից ազատեց Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) ղեկավարին: Աճող պարենի և էներգիայի գները, հարցումներում նվազեցնում են ԱԶԿ-ի աջակցությունը»։

rejep erdogan

Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցման առնչությամբ Գարդները շեշտել է, որ «մեկ մարդու ռեժիմը» պատճառ է դարձել, որպեսզի Էրդողանը սխալներ կատարի, քանի որ նա գժտվեց ԱԶԿ-ի բոլոր հիմնադիր անդամների հետ և հեռացրեց տնտեսության ոլորտի լուրջ մասնագետներին։

Ըստ հոդվածագրի՝ կրթության և առողջապահության ոլորտներում Էրդողանի արած գործերն ապահովող տնտեսական աճը կախված է եղել էժան վարկից, սպառումից և լայն թափով ընթացող շինարարությունից, մինչդեռ իրավիճակը փոխվել է համավարակից շատ ավելի շուտ։

«Այս ճգնաժամն ընդդիմության սրտում մեծացնում է ի վերջո Էրդողանին հաղթելու և խորհրդարանական ժողովրդավարություն բերելու հույսերը»,-շեշտել է Դեյվիդ Գարդները և հավելել,- «Այստեղ հարցն այն է, թե արդյոք ընդդիմությունը կարող է համախմբվել համապատասխան թեկնածուի շուրջ եւ ստեղծել ընտրական ալիք, որն Էրդողանը չկարողանա հաղթահարել»:

Կիսվել էջում