Շոու-բիզնես

«Չգիտեմ՝ ինչ է սպասվում 2021-ում, բայց ամեն դեպքում հույսս չկորցնելով կասեմ՝ չտանե՛ս էլ մեզնից ոչ ոքի». Մկրտիչ Արզումանյանի դստեր նամակը

«Չգիտեմ՝ ինչ է սպասվում 2021-ում, բայց ամեն դեպքում հույսս չկորցնելով կասեմ՝ չտանե՛ս էլ մեզնից ոչ ոքի». Մկրտիչ Արզումանյանի դստեր նամակը

Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է դստեր նամակով, որն ուղղված է 2020-ին: Դերասանի դուստրը՝ Սուսաննան, ամփոփել է նախորդ տարվա իր ապրումները եւ հույս հայտնել, որ 2021-ը անկորուստ կլինի.

«Հուսամ 2020-ը ինձնից չի վիրավորվի, եթե «դու»-ով խոսեմ իր հետ:

Բարև, լա՞վ ես: Ես՝ չէ: Դու 366 օր սեւ ու սպիտակ ես եղել ինձ համար: Եղել ես մռայլ: Տարել ես ինձնից իմ հարազատներին, կորցրել… Դու ինձ կոտրել ես: Դու փչացրել ես իմ նպատակները, դեն նետել երազանքներս, բայց նաեւ թույլ տվել ստեղծել նորը:

Դու մի կողմ ես դրել իրական շփումն ու ստեղծել ամենադաժանը: Ստեղծել ես անհագ կարոտը, կոտրել ես բոլոր հույսերը: Բայց ես քեզնից ինչ-որ չափով շնորհակալ եմ: Խնդրում եմ, չփքվե՛ս: Դու ինձ մեծացրել ես:

mkrtich arzumanyan dustr

Դու ինձ ավելի ես հղկել: Դու ինձ ավելի հասուն ես դարձրել: Դու ինձ գնահատող ես ստեղծել: Դու ապտակ ես տվել ինձ իմ ամեն օրը չվայելելու, հարազատներիս ներկայությունը չվայելելու համար: Եթե դու չլինեիր, երեւի նույն ձեւ շարունակեի ապրել ու ձեւացնել, թե «հա, ի՞նչ ա եղել, ապրում եմ»:

Դու մարկերով ներկել ես իմ սեւ ու սպիտակը: Դու ինձ նվիրել ես նոր, տարբեր մարդկանց, իսկ հներին ավելի մոտ բերել: Դու ինձ տվել ես նոր գաղափարներ, նոր տեսակետներ: Դու ինձ հնարավորություն ես տվել գեղեցիկն ուրիշ աչքերով ընկալել:

Դու հնարավորություն ես տվել մտածել։ Շատ երկար մտածել:Դու ինձ տվել ես ինքս ինձ սիրելու, գնահատելու ու հարգելու հնարավորությունը: Դու ինձ տվել ես հնարավորություն անել այն, ինչի ժամանակը ես երբեք չեմ ունեցել:

Ես ավելի ուժեղ եմ դարձել քո շնորհիվ: Բայց քեզնից զատ, ես նաեւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս մռայլ ու տարօրինակ տարին լցրեցին իրենց գույներով ու տարբեր երանգներով:Ես շնորհակալ եմ, որ ապրում եմ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր պայքարել են իմ ու իմ հարազատների ապրելու համար:

mkrtich arzumanyan yntaniq

Ես շնորհակալ եմ ձեզ ու խոնարհվում եմ ձեր առջեւ: Բոլորիդ անսահման սիրում եմ ու հույս ունեմ, որ իմ սերը ձեզ ինչ-որ չափով ուժ կտա: Չգիտեմ՝ ինչ է սպասվում 2021-ում, բայց ամեն դեպքում հույսս չկորցնելով կասեմ՝ չտանե՛ս էլ մեզնից ոչ ոքի: Խաղաղ, առողջ, բարի ու հրաշքներով լի տարի եղիր: Լա՛վը եղիր, խնդրում եմ:

Սիրով՝ Սուսանիկ»,-գրել է նա:

Կիսվել նյութով