Մամուլ

Ով և ինչպես է տարածել գերիների մասին լուրը

Ով և ինչպես է տարածել գերիների մասին լուրը

Hraparak.am-ը գրում է․ Անցած շաբաթ ողջ երկիրը քննարկում էր Բաքվից ժամանած ինքնաթիռի պատմությունը, երբ վերջին պահին պարզվեց, որ Մուրադովի ինքնաթիռով գերիներ չեն գալիս։

Իսկ հաջորդ օրը «Հրապարակի» լրագրողին Ռուստամ Մուրադովն ասաց, որ չէին էլ գալու՝ դա մեր իշխանությունների պրովոկացիան էր։ Սակայն գերիներին բերելու լուրը պաշտոնապես հաստատել էին վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը եւ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Մենք նոր մանրամասներ ենք իմացել այս պատմության հետ կապված։

Պարզվում է՝ չորեքշաբթի օրը տարածված սուտ լուրի սկզբնաղբյուրը հենց վարչապետ Փաշինյանն է եղել: Հետպատերազմական ամիսներին Մուրադովն ամեն անգամ այց կատարելով Բաքու, անպայման իր հետ գերիներ է բերել, թեկուզև փոքրաթիվ, բայց գոնե մեկ-երկու մարդ անպայման եկել է նրա ինքնաթիռով:

Իսկ անցյալ շաբաթ, երբ Մուրադովը հերթական թռիչքն է իրականացրել Բաքու, «Էրեբունի» օդանավակայանի աշխատակիցները վարչապետի գրասենյակին անմիջապես տեղյակ են պահել, որ Մուրադովի ինքնաթիռը պլանավորված թռիչք է կատարում դեպի Բաքու:

rustam muradov 1

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը որևէ օպերատիվ կապ չունի Ռուստամ Մուրադովի հետ և տեղեկությունները ստանում է նման փնթի, պատահական աղբյուրներից։ 

Ասում են՝ վարչապետը Մուրադովի թռիչքի մասին ինֆորմացիան սկզբում ճշտել է Արցախի նախագահից, դրական պատասխան ստանալուն պես, իր մոտ է կանչել Տիգրան Ավինյանին և Հայկ Սարգսյանին։

Ենթադրել են, որ այս անգամ էլ Մուրադովը դատարկաձեռն չի վերադառնա Բաքվից, ուստի Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է տարածել այդ տեղեկությունը։

Եվ դա ներկայացնել այն սոուսով, որ իր Մոսկվա այցի արդյունքում Պուտինը Մուրադովին ուղարկում է Բաքու՝ գերիներ բերելու: Ավինյանն ու Սարգսյանն էլ իրենց հերթին երրորդ անձանց միջոցով փոխանցել են իշխանական լրատվամիջոցներին, որ գերիներ են գալիս. Ավինյանը փոխանցել է իր գրասենյակի եւ վարչապետի խոսնակի, իսկ Հայկ Սարգսյանը՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի միջոցով: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով