Տասնյակ միլիոնավոր դոլարները վերածվում են բակերի, ճանապարհների, մայթերի, կոյուղիների․ Ավինյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աննա Հակոբյանի հայտարարությանը, նշել է, որ այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն հայտնել է։ Նրա խոսքով՝ արձագանքը պայմանավորված է ոչ միայն տիկին Հակոբյանի հնչեցրած մտքերով, այլև այն հանգամանքով, որ նման տեսակետն ընդհանուր առմամբ շրջանառվում է։
Լրագրողը հիշեցրել է, որ Աննա Հակոբյանն իր տեսանյութում նշել էր՝ մայրաքաղաքի մի շարք խնդիրների լուծումն ակնհայտորեն ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող ընկերություններին շինարարության թույլտվություններ տրամադրելը։
Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե միլիոնավոր, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, որոնք Երևանի քաղաքապետարանը տարեկան փաստացի ստանում է շինթույլտվությունների տրամադրման արդյունքում։
«Այդ տասնյակ միլիոնավոր դոլարները վերածվում են բակերի, ճանապարհների, մայթերի, կոյուղիների, էստակադաների, հանգուցային կարևոր ճանապարհների, ինչպես նաև որոշակի չափով սուբսիդավորում են մեր տրանսպորտը։
Այսինքն՝ սա շատ հստակ, թվային և ապացուցելի փաստարկ է։ Եթե որևէ մեկի մոտ դեռ հարցեր կան, կարծում եմ՝ կարող են պարզապես ուսումնասիրել մեր բյուջեն»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանն իր տեսանյութում անդրադարձել էր Երևանի խցանումների խնդրին՝ բարձրացնելով այն հարցը, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի տնտեսական աճի, նորակառույց շենքերի, բնակչության թվի, ավտոմեքենաների և զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը չվերածվեն ինֆարկտի պատճառի։


