Ազատ խոսք

Ոչ մի Սերժ, ոչ մի Ռոբերտ, ոչ մի Նիկոլ արժանի չեն, որ դուք վիճեք ու նեղացնեք ձեր հարազատներին

Ոչ մի Սերժ, ոչ մի Ռոբերտ, ոչ մի Նիկոլ արժանի չեն, որ դուք վիճեք ու նեղացնեք ձեր հարազատներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Ժողովուրդ ջան, մի կարևոր բան եմ ուզում խնդրեմ ձեզ։

Արդեն տևական ժամանակ է, ինչ լսում եմ պատմություններ քաղաքական թեմաներով ընտանիքներում, ընկերների ու բարեկամների մեջ ծագող լուրջ վեճերի, խռովությունների, կոնֆլիկտների մասին։

Ամուսինը վիճում է կնոջ հետ, եղբայրը՝ եղբոր, հարևանը հարևանի հետ։ Անկեղծ ցավ եմ ապրում, որ այնպիսի փոփոխական ու անկայուն գործընթաց, ինչպիսի քաղաքականությունն է, կարող է կտրել դարերի ընթացքում ձևավորված սոցիալական կապերն ու հանգույցները, խեղել ավանդական արժեքներն ու սկզբունքները, որոնք հարյուրավոր տարիներ մեզ առաջնորդել են պատմության ամենածանր փուլերում։

Ուրեմն եկեք մի կարևոր բան պայմանավորվենք.

Ոչ մի Սերժ, ոչ մի Ռոբերտ, ոչ մի Նիկոլ ու ապագա այլ առաջնորդ արժանի չեն, որ դուք վիճեք ու նեղացնեք ձեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու բարեկամներին։

Դեռ շատ նիկոլներ կգան ու կգնան, բայց դուք ձեր հարազատների, բարեկամների ու ընկերների հետ դեռ մի ամբողջ կյանք ունեք ապրելու, իրար օգնելու, թիկունք լինելու ու դժվարությունները հաղթահարելու համար»։

Կիսվել նյութով