ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի. Վանեցյան (Տեսանյութ)

Իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի. Վանեցյան

News.am-ը գրում է․ Այն, ինչ վերջին 2 տարում կատարվում է Հայաստանում, սկզբում, իհարկե, բոլորիս կողմից շատ դրական ընդունվեց, բայց հետագա 2 տարիները ցույց տվեցին, որ մենք ինչ-որ տեղ կաղում ենք, եւ մեր երկիրը ճիշտ չի զարգանում։

Այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Շեղվել ենք այն ակզբունքներից, որն ի սկզբանե հայտարարվել էր։ Դրա համար պետք էր ուժ, որը կկարողանա կանխել մեր երկրի անկումը եւ երկիրը կդնի ճիշտ ուղու վրա։

«Ամենակարեւոր գաղափարը, որ ես դնում եմ  ինձ համար, այն է, որ հասնենք նրան, որ մեր քաղաքացին լավ ապրի, բայց ոչ թե խոսքերով կամ խոստումներով, այլ իսկապես զգա այդ փոփոխությունն իր կյանքում եւ ապրի արժանապատիվ:

Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում մեր երկրում, հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի, եւ դրանից բխող հետեւանքներն ազդում են կոնկրետ մեր յուրաքանչյուրիս կյանքի վրա»,- ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այն խոստումները, թե կան կախարդական փայտիկներ, որով շատ կարճ ժամանակում մարդկանց կյանքը փոխվելու է, տեսանք, որ չիրականացավ։

«Հակառակը, մենք տեսանք, որ որեւէ բան չի արվում համակարգված։ Չեն տարբերում առաջնային խնդիրները երկրորդականից, կայացվում են հախուռն որոշումներ, եւ այն մարդիկ, որոնք փորձում են քննադատել իշխանություններին, միանգամից արժանանում են շատ ագրեսիվ վերաբերմունքի։

Օգտագործում են շատ վատ բառապաշար եւ ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ այդ քննադատությանը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ շատ մարդիկ համացանցում խուսափում են արտահայտել սեփական կարծիքը, քանի որ գիտեն, որ իշխանությունն ունի մեծ ֆեյքերի բանակ, որով հարձակվում են մարդկանց վրա եւ վիրավորում են ամենավերջին խոսքերով։

«Սրանից մեկուկես տարի առաջ ոչ մեկը չէր պատկերացնի, որ իշխանություններին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը կարող է ժողովրդի կողմից ընդունվել։ Այսօր ես շրջում եմ փողոցներով, տեսնում եմ շատ մարդկանց եւ հստակ տեսնում եմ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը։ Մարդիկ որեւէ հույս չունեն, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ», – ասաց Վանեցյանը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով