«Երևան Ուելնես»-ում 5 անձի բուժօգնություն է ցուցաբերվել, հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի «Երևան Ուելնես» մարզաառողջարանային համալիրում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի, որոնցից 4-ը երեխաներ են, մեկը՝ մեծահասակ։
Համալիրի աշխատակիցներից մեկը՝ ազգությամբ հնդիկ տղամարդը, գանգատվել է աչքերի թեթև մրմռոցից, հազից, թուլությունից և օդի անբավարարության զգացումից։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Երեխաների ծնողները հրաժարվել են նրանց հոսպիտալացումից՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Երեխաներից մեկի ծնողը հայտնել է նաև, որ երեխան արդեն մի քանի օր է՝ կոկորդի ցավ ունի։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպքի վայր է հրավիրվել շտապօգնության բրիգադ, իսկ անձանց լրացուցիչ թթվածին է տրամադրվել՝ ապահովության նկատառումներից ելնելով։ Երեխաները գանգատվել են քլորի հոտից։
Ավելի վաղ համալիրից հայտնել էին, որ «Երևան Ուելնես»-ում քլորի արտահոսք է տեղի ունեցել, սակայն դրա քանակը նորմայից շատ քիչ է եղել։


