Մամուլ

Հրապարակվել է Նոր Գեղիում այսօր մահացած 16-ամյա տղայի լուսանկարը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է բնակիչներին։

Ընկերներով որսի գնալու մտադրությամբ հավաքված տղաների հանդիպումն ավարտվել է 16-ամյա Վահագն Առաքելյանի մահով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Վահագնին կրակոցով մահացու վնասվածք է պատճառել նրա համադասարանցին և մտերիմ ընկերը՝ 16-ամյա Հոմերոս Սիմոնյանը։

Դեպքը տեղի է ունեցել Հոմերոսի տանը՝ նրա հորը պատկանող որսորդական հրացանից արձակված կրակոցի հետևանքով։

Վահագնը 11-րդ դասարանի աշակերտ էր՝ ընտանիքի կրտսեր երեխան։ Նա ուներ ավագ քույր և բանակում ծառայող եղբայր։

Նոր Գեղիում բնակիչները դեռ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող էր ընկերների հանդիպումն այսպիսի ողբերգությամբ ավարտվել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղաները պետք է որսորդական զենքերը տեղափոխեին տուն, և այդ ընթացքում արձակվել է կրակոցը։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են 16-ամյա տղայի մահը։ Հայտնաբերվել է նաև հրազենը։

Կրակոցն արձակած տղան և նրա հայրը ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իսկ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաքննությունը շարունակվում է։

nor
Կիսվեք ձեր էջում