Շոու-բիզնես

«Ինչքան լավ արարք անենք, այնքան դրականը մեզ հետ կգա». Լուիզա Ներսիսյան․ ֆոտո

«Ինչքան լավ արարք անենք, այնքան դրականը մեզ հետ կգա»։ Օրեր առաջ կայացավ «Բումերանգ» ներկայացման պրեմիերան։ Ներքաղաքական կյանք, որը համեմված էր չափազանց թեթև, գունեղ, հումորային և քաղցր հումորով. այսպիսին էր ներկայացումը: Նման երանգներով և գույներով ներկայացման գլխավոր հերոսների դերը վստահված էր դերասաններ Լուիզա Ներսիսյանին և Լևոն Հարությունյանին:

Գաբրիելայի կերպարը կերտող Լուիզա Ներսիսյանի դերն ու դերային նշանակությունն այնքանով էր կարևոր և տպավորիչ, որ  նա շարժման մեջ էր պահում ներկայացումը և դեպքերն ու իրողությունները փոխում իր քայլերով ու զրույցներով:  Նա կարողանում է փոխել գլխավոր հերոսի ամբողջ ներաշխարհը, փոխել նրա մտածելակերպն ու արժեհամակարգը ամբողջովին վար ու վեր անել: Քաղաքական գործիչ, ով  այսօր  արհամարհանքի է արժանանում ժողովորդի կողմից, խաբվում անընդհատ փողի ու ունեցվածքի համար, ով կանգնում է ինքնասպանության շեմին, սակայն վերջին պահին փոխվում է ամեն բան:

«Շատ սպասված ներկայացում էր ինձ համար «Բումերանգը». այն ունի շատ ասելիք: Ինձ համար ավելի կարևոր է խաղալ նմանատիպ դեր, որն իր գործողություններով փոփոխություններ ու տեղաշարժեր է անում, քան օրինակ զոհի կերպար, ում պետք է գան ու փրկեն և ումից, որ ոչինչ կախված չէ:  Այս դեպքում դու ունես ասելիք ու անելիք»,- ShowBiz.am-ին պատմում է դերասանուհին:

լուիզա ներսիսյան

Ներկայացման մեջ Լուիզայի կերպարը շատ խորհրդավոր է, և նա կարողանում է մեծ փոփոխություններ կատարել գլխավոր հերոսի կյանքի հետ: Մեծ շրջադարձ է կատարում Գաբրիելան, զրույցի միջոցով կարողանում է փոխել գլխավոր հերոսի արժեհամակարգը: Նա ստիպում է գլխավոր հերոսին, որ խորանա և հասկանա, թե ինչ սխալներ է արել, որ հասկանա բումերանգի  իմաստը, այն, որ արածդ յուրաքանչյուր լավ կամ վատ բան մի օր քեզ վերադառնալու է: Եվ ես կարծում եմ, որ ներկայացման մեսիջը հենց դա է. ինչքան լավ արարք մենք անենք, այնքան դրականը մեզ հետ կգա»:

Յուրաքանչյուր կերպար, որ կերտում է դերասանուհին, իրեն շատ մտածելու և ներքուստ հարստանալու  առիթ է տալիս. «Այնքան կարևոր է, որ դու կարողանում ես քո միջից հանել այն գույները, որոնք անգամ գուցե չգիտեիր, որ կան քո մեջ: Կերպարի միջոցով դու ապրում ես 2-րդ կյանք, իսկ այդ 2-րդ կյանքը քեզ միշտ կարող է թույլ տալ այն բաները , որոնք չես անում  իրական կյանքում՝ հանգամանքներից կամ հասարակությունից ելնելով. դրանք իրական կյանքում թույլ  չեն տալիս, որ սահմաններից դուրս գաս, իսկ այս դեպքում դու ազատ ես,  կարող ես հանգիստ անել այն  բաները, որոնք առօրյա կյանքում քեզ թույլ չէիր տա»:

լուիզա ներսիսյան

Ներկայացման փորձերի ժամանակ, դերասանուհին խոստովանում է, որ, իհարկե, եղել են բարդություններ և դժվարություններ , սակայն ամենահետաքրքիրն այն է, որ  հենց իրենք են իրենց դիտմամբ ու մտածված գցել այդ դժվարությունների մեջ. «Մենք կարող էինք մեր փորձերն ավելի թեթև անցկացնել, սակայն մեզ դիտմամբ գցում էինք դժվարությունների դաշտ, որպեսզի կարողանայինք նոր բաներ բացահայտել: Նեղված լինելու մեջ սկսում ես ավելի ստեղծարար լինել, իսկ երբ ձեռքիդ տակ ամեն բան շատ կոկիկ դրված է, մի տեսակ ալարկոտ ու ծույլ ես լինում: Բացի դա, ես չեմ սիրում հեշտ աշխատանքներ. ավելի նախընտրում եմ դժվար աշխատանքը»:

Լուիզան սիրում է նաև ներկայացման ժամանակ երբեմն-երբեմն իմպրովիզներ անել, սակայն տեղին, համով ու հոտով. «Իմ եսից անպայման մի ինչ-որ բան պետք է ներդնեմ: Իրականում ընդունված է, որ իսկական դերասանը պետք  է ամբողջովին մի կողմ դնի իր եսն ու մտնի կերպարի մեջ, սակայն ես այդպես չեմ կարծում. ինձ համար ավելի կարևոր է, որ դերասանը փորփրի իր ներսն ու գտնի առավել կարևորն ու օգտակարը և ներդնի: Երբեմն մտածում եմ՝ գուցե իսկական դերասանուհի չեմ, բայց ինչ արած: Ինձ համար դերասանի այդ տեսակն է ընդունելի»,- անկեղծանում է դերասանուհին և նշում, որ յուրաքանչյուր մարդու մեջ ամեն ինչ քնած է, պետք է պարզապես արթնացնել. մարդասպանից մինչև հեզ աղջիկ՝ բոլորի մեջ էլ կա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում