ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ զինտեխնիկա է գնում Հայաստանը Հնդկաստանից. մանրամասնում է Արտյոմ Երկանյանը

Ի՞նչ զինտեխնիկա է գնում Հայաստանը Հնդկաստանից. մանրամասնում է Արտյոմ Երկանյանը

Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում թվարկել է այն զինատեսակները, որոնք Հայաստանը գնելու է Հնդկաստանից, և որոնց մասին տարբեր պարբերականներում արդեն հրապարակումներ են արվել․

«Առաջին հերթին խոսքը գնում է «Պինակա» տեսակի 214 միլիմետր տրամաչափ ունեցող հրթիռային համալիրների մասին։ «Սոլարա գրուպ» ընկերությունը, որը արտադրողն է այդ համալիրների, հաստատել է, որ իսկապես Հայաստանից նման պատվեր ստացել է և մտադիր է այդ պատվերը իրականացնել երկու տարվա ընթացքում։

Հնդկական «Indian Defence Research Wing» պարբերականն ավելի մանրամասն տեղեկություն է հայտնում․ նշում է, որ Հայաստանը մտադիր է գնել «Պինակա» համալիրների երեք տարբերակ, որոնց հարվածների հեռավորությունը համապատասխանաբար 35, 37, 45 կիլոմետր են։ Այս համալիրները կարող են ոչնչացնել և՛ կենդանի ուժ, և՛ զրահապատ տեխնիկա, և՛ հրամանատարային կետեր, և՛ կապի հանգույցներ, և՛ ռազմաարդյունաբերական ինֆրաստրուկտուրայի օբյեկտներ։

Պինակա

ՀՀ-ին է մատակարարվելու այս համալիրների չորս մարտկոց, սովորաբար մարտկոցը ներառում է վեց համալիր, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ խոսքը 24 համալիրներ մատակարարելու մասին է։

Բացի «Պինակա» համալիրներից նախատեսվում է այլ տեսակի զինտեխնիկա ևս մատակարարել՝ մասնավորապես՝ հակատանկային հրթիռներ, իսկ ադրբեջանական «Haqqin.az» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը իբր բանակցում է Հնդկաստանի հետ «Պիլոտուս» տեսակի անօդաչու սարքեր գնելու թեմայի շուրջ, որոնք իրենց ֆունկցիաներով նման են թուրքական բայրաքթարներին»,- նշել է Երկանյանը։

Լրագրողը նաև հայտնել է՝ կա տեղեկություն այն մասին, որ այժմ պատրաստվում է Հայաստան-Հնդկաստան մեծ պայմանագիր՝ ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Չի բացառվում, որ Հնդկաստանի ՊՆ նախարարի գալիք Երևան կատարելիք այցի ընթացքում այդ պայմանագիրն արդեն կստորագրվի։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում