Մամուլ

ԱԱԾ-ն «Վան» ռեստորանային համալիրում իրականացրել է հատուկ օպերացիա

ԱԱԾ-ն «Վան» ռեստորանային համալիրում իրականացրել է հատուկ օպերացիա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում իրավապահ մի քանի կառույցներ իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Ռադիշչևի փողոցում գործող «Վան» ռեստորանային համալիրում զենք-զինամթերք են պահում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի կողմից խուզարկության թույլտվության  որոշման հիման վրա ԱԱԾ և ոստիկանության ծառայողներն այցելել են «Վան» ռեստորան, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Ազգային անվտանգության ծառայության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։

Տեղում ընթերակաների ներկայությամբ ռեստորանում կատարվել է խուզարկություն, որտեղ հայտնաբերվել է ինքնաձիգ, «Ֆ-1» տեսակի նռնակ, ինքնաձիգի պահունակ, որի մեջ եղել է 30 փամփուշտ, հայտնաբերվել է նաև որոշ չափի գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ռեստորանը աշխատացնում է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Գևորգ Գ-ն՝ իր որդու՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Գ-ի հետ։ Խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքում  նրանց պատկանող բնակարանում, որտեղ հայտնաբերվել են ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված փամփուշտներով, սվին-դանակներ, մեծ քանակի տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Խուզարկություներին ներկա են եղել Գևորգ և Արթուր Գ-երը, ովքեր տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրանց ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գևորգ Գ-ն քննչական բաժնում հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը պատկանում է իրեն և այն ձեռք է բերել Արցախի Հանրապետությունում արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Կիսվել էջում